понедельник, 2 декабря 2013 г.

Գայանե Օբելյան Բանաստեղծություններ


   ՀՐԱՇՔՆ ԻՐԱԿԱՆ
Իսկ ո՞վ է ասել՝ հրաշքներ չկան,
Մի՞թե հրաշք չէ ծնունդը մանկան,
Կամ էլ հենց մայրը՝ մանկանը գրկած:
Հրաշք է նաև սերը փոխադարձ,
Որ տրվում է մեզ ողջ կյանքի համար:
Մի՞թե հրաշք չէ դեղին աշունը,
Կամ էլ նոր բացվող ծաղկած գարունը:
Բայց կյանքում այս կարճ ու մի քիչ էլ բարդ
Կա ինձ համար մեծ հրաշք իրական,
Դա իմ մայրն է սուրբ՝ միշտ կողքիս կանգնած
Ու գոհ եմ Աստծուց իմ բախտի համար:
Հրաշք է կյանքը ի վերուստ տրված,
Մնում է,որ դու միայն հավատաս,
Եվ ամեն մանուկ կտեսնի հաստատ հրաշք իրական…
           

 ԱՇՆԱՆ ՀՈՒՇԵՐ

Սիրում եմ աշունը,թեև թախծոտ է,
Ինչ-որ տեղ մռայլ,ինչ-որ տեղ գորշ է,
      Բայց ես սիրում եմ...
Սիրում եմ նրա այն մուգ դեղինը,
Որ թանձրանում է ծառերի վրա,
Սիրում եմ նրա անձրևը շռայլ,
Որ քաղցրանում է թափվելով վրադ:
     Բայց ես սիրում եմ...
Սիրում եմ նաև քամին այն մեղմիկ,
Որ մազերիդ մեջ միշտ խաղ է տալիս:
     Այո՛,սիրում եմ...
     Սիրում եմ ես շա՜տ
Այդ խոր աշունն ու հուշերը նրա,
Հուշերն այդ քաղցրիկ,հուշերը այդ թանկ,
Որ կյանքում երբեք էլ չեմ մոռանա. . .

            ԱԶԳՍ ՀԱՅՈՑ

Ազգ ունենք մենք՝ կոչվում ենք ՀԱՅ,
Որ ապրում ենք և քանի՜ դար,
Գրչով,խաչով,երգ ու պարով
Ու քրիստոնյա իր հավատքով:

Պատմության մեջ ազգը այս մեր
Արյուն,արցունքով շաղախվեց,
Թշնամու դեմ նա պայքարեց
Ու անունն իր բարձր պահեց:

Բայց դեռ պիտի նա պայքարի՝
Հանուն թողած հող ու ջրի,
Հանուն իր սուրբ Արարատի
Ու կապուտակ Վանա ծովի:

Եվ կդառնա ամբողջական
Ազգս Հայոց՝ Ուրարտական,
Որ թողել էին պապերը մեր՝
Մեզ ծովից ծով մի Հայաստան:    

                  Հեղինակ Գայանե Օրբելյան

ՍԵՐ


                     ՍԵՐ
Ինչու՞ է ասեք, ինչու՞ երբ սիրում,
Միտքդ քեզանից փախչել է ուզում,
Ինչու՞ երազները հանգիստ չեն թողնում,
Ինչու՞ է սիրտդ արագ բաբախում:
Եվ ինչու աչքերդ ծով ալիքների պես լալիս են անվերջ,
Ինչու՞ է հոգիդ կարծես մի թռչուն ճախրել է ուզում ,
Մի՞թե սա սեր է
Եվ արդյոք պիտի սիրուց տառապել,
Դժվար է ասել… 
                                       Նինա Կիրակոսյան

Հոգևոր կյանքի զարթոնք Ալավերդիում


                                                 Հոգևոր կյանքի զարթոնք Ալավերդիում
(Հարցազրույց Ալավերդու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Միքայել քահանա Շաղոյանի հետ)












  Նախաբան: Ալավերդու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 2001 թվականին. դա այն թվականն էր, երբ լրանում էր Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակը: Նույն թվականի նոյեմբերի 11-ին եկեղեցին օծվել է Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Գուգարաց թեմի առաջնորդ ՝ Տեր-Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդությամբ: Բարերար է հանդիսացել «Վալեքս գրուպ»-ի  նախագահ Վալերի Մեջլումյանը: 2002 թվականի հունվարից եկեղեցին դարձել է գործող եկեղեցի, և հոգևոր հովիվ է ձեռնադրվել Տեր Միքայել քահանա Շաղոյանը:

Տեր Միքայե՛լ, սկզբնական շրջանում Ալավերդու եկեղեցում ի՞նչ խնդիրներ են եղել:
         -Սկզբնականը եղեղ է կայացման խնդիրը, որովհետև եկեղեցին կառուցվել է մի քաղաքում, որտեղ ընդհանրապես եկեղեցի չի եղել: Բնականաբար, հենց սկզբից առաջնահերթ խնդիրը եղել է մարդկանց դարձի բերելը, հավատքի մեջ հստատելը, որովհետև եկեղեցին բոլոր ժամանակներում եղել է մեր տերը, մեր մխիթարիչն ու փրկիչը: Եկեղեցին զբաղվել է ոչ միայն իր կրոնական հարցերով, այլև մեծ դեր է կատարել ժողովրդի հոգևոր, բարոյական և մշակութային կյանքում: Մանավանդ անիշխանական տարիներին հայ ժողովրդի տերը եղել է եկեղեցին, զբաղվել է ամեն տեսակ հարցերով և կոչ արել պայքարելու, պաշտպանելու իր սրբությունները, հայրենիքն ու եկեղեցին:
Ի՞նչ հաճախականությամբ են այցելում եկեղեցի ալավերդցիները:
       -Ընդհանրապես եկեղեցում հոգևոր կյանքը կարելի է վերսկսված համարել Ալավերդիում, որովհետև մարդիկ սկսել են հավատալ, ովքեր թերահավատ էին, հաստատվեցին հավատքի մեջ և այսօր այցելում են սուրբ պատարագներին, տարեցտարի ավելանում են մկրտվողների և պսակադրվողների թիվը: Ավելի հաճախակի ենք հրավիրվում խորհուրդներ կատարելու, թաղման արարողությունների և այլն: Այս ամենը ցույց է տալիս, որ ժողովուրդը կամաց-կամաց վերադառնում է իր  ակունքներին: Այսօր «Եկեղեցու Պատմություն» առարկան դասավանդվում է դպրոցներում, և դա նպաստում է, որ դպրոցական տարիներից երեխաները հասկանան ու ըմբռնեն իրենց եկեղեցին: Ինչպես նաև բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ մամուլի և թե՛ այլ միջոցներով, որպեսզի մեր խոսքը, որը բխում է Աստծուց, հասանելի լինի ժողովրդին:
Մեր քաղաքում գործում են բազմաթիվ աղանդավորական շարժումներ, մի քանիսը նույնիսկ բազմածավալ: Ինչպե՞ս պետք է դրանց դեմն առնել:
      -Ես չէի ասի բազմաթիվ՝ քանակի առումով, որովհետև շատ մեծ քանակ գոնե մեր քաղաքում չեն կազմում աղանդավորները, թեև կան ակտիվ խմբավորումներ՝ «Եհովայի վկաներ», «Ավետարանչական եկեղեցի», հիմա նաև Ալավերդիում կա  «Կյանքի Խոսք» եկեղեցին: Կցանկանամ նշել տեղերը, քանի որ ժողովրդի մոտ թյուրիմացություն կա. շատերը չեն էլ տարբերակում «թացը չորից»: «Ավետարանչական եկեղեցին» գտնվում է ռուսական դպրոցի հարևանությամբ, նախկին մանկապարտեզի շենքում: «Կյանքի Խոսք» եկեղեցին՝ տպարանի ձորում: «Եհովայի վկաները»­,«Հոգեգալստականները»  և մնացածները հիմնական տեղ չունեն,  հանդիպումներ են կազմակերպում տներում կամ այլ տեղերում: Ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքում կամ գյուղում, այո՛ Ալավերդիում նույնպես այս խնդիրը կա: Աղանդների դեմ պայքարը չպետք է սահմանափակել՝ միայն եկեղեցու վրա թողնելով այդ ծանր բեռը: Աղանդը վնաս է ոչ միայն եկեղեցուն, այլև ազգային գաղափարախոսությանը, մեր պետականությանը , որովհետև ինչպես տեսնում եք «Եհովայի վկաների» շրջանակներում մարդիկ կան, ովքեր հրաժարվում են զենք կրելուց, ըստ այդմ, եթե չեն ուզում զենք կրել, ուրեմն չեն կարող պաշտպանել մեր հայրենիքն ու մեր պետությունը: Այս իմաստով էլ բավականին մեծ աշխատանք է տարվում սոցիալական այդ ծանր խավի հետ: Ցուցաբերելով տարբեր օգնություններ՝ փորձում են ժողովրդին խաբել և ներգրավել իրենց շարքերը: Կարելի է վիճակագրական թիվ ասել, որ իրենք չեն ավելանում, ինչքան կան, այնքան մնում են: Ցավալին այն է, որ այսօր Հայաստանում ընդհանրապես բոլորը մտածում են, թե միայն եկեղեցականը պիտի պայքարի աղանդավորների դեմ, բայց սա պայքար է յուրաքանչյուր հայորդու համար՝ լինի կին, տղամարդ պաշտոնյա, թե բանվոր: Եթե մարդը քաջ գիտակցում է, որն է իր եկեղեցին, որն է իր եկեղեցու դերը, ինչ ունի արած եկեղեցին պատմության ընթացքում այդ ժողովրդի համար, ուրեմն այդ մարդը, սթափ գիտակցելով, կգանահատի եկեղեցու գործունեությունը իր կյանքում և այսօր չի շեղվի , աղանդավոր չի դառնա: Ի վերջո «աղանդ» բառը նշանակում է շեղում , այսինքն՝ շեղում ճշմարիտ ուղուց: Մեր պապերը դարեր ի վեր պաշտպանել են այս եկեղեցին տարբեր հարձակումներից: Հարձակումները եղել են և՛ ներսից՝ աղանդավորների տեսքով, և՛ դրսից, մահմեդական երկրների կողմից, որոնք փորձել են եկեղեցու դերը նվաստացնել, փոքրացնել: Այս ամենի հետ մեկտեղ օտարները հասկացել են, որ թեև կարող են տարածք գրավել, հայերին ստրկացնել, բայց երբեք չեն կարող նրա միջից հանել հավատքը, և այդ հավատքն է, որ ապրեցրել է , այդ հավատքի վկայություններն են մեր այսօրվա խաչքարերը, վանքերն ու եկեղեցիները: Այդ հավատքի վառ ապացույցն է նաև, որ մենք քիչ ենք, փոքրաթիվ ենք, բայց մնացել ենք որպես ժողովուրդ պատմության երեսին ու դեռ պիտի պայքարենք, մաքառենք, պաշտպանենք մեր սրբությունները և մեր սերունդներին փոխանցենք Հայաստան Երկիրը, որտեղ մարդը կլինի ապահով և՛ֆիզիկապես, և՛ հոգեպես:

Դուք աշխատում եք երիտասարդների հետ: Մի փոքր պատմեք արդյունքների եւ հեռանկարների մասին:
    -Ընդհանրապես հենց առաջին օրվանից մեր ծառայության հիմքում հետևյալ քաղաքականությունն ենք որդեգրել, որ աշխատենք երիտասարդության հետ, որոնք էլ մեր հիմնական այցելուների թիվն են կազմում: Իհարկե առավել դժվար է աշխատել ժողովրդի այն հատվածի հետ, ովքեր ապրել են սովետական շրջանում, երբ եկեղեցին մերժված էր: Բայց այնուամենայնիվ իրենք էլ են դարձի գալիս և հաճախում են եկեղեցի: Ակտիվ համագործակցում ենք Ալավերդու այն երիտասարդության հետ, ովքեր եկեղեցասիրություն են դրսևորում: Մշտապես մեր այցելությունները լինում են «Եվրոպական քոլեջ», «Ալավերդու պետական քոլեջ», «Ալավերդու արհեստակագործական ուսումնարան»: Ամենշաբաթյա դասընթացներ ունենք Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղում, որտեղ արդեն տարիներ շարունակ, մոտավորապես տաս տարի, այդ առարկան դասավանդվում է: Ընթացքում ունենում մենք տարբեր քննարկումներ, դասապրոցեսներ, սեմինարներ և հաճախակի ուխտագնացություններ դեպի Հայաստանի տարբեր վայրեր: Այդ ուխտագնացությունների միջոցով երիտասարդը կապվում է եկեղեցուն, ցուցաբերում է իր եկեղեցասիրությունը և պատրաստակամությունը: Պիտի նշեմ, որ երիտասարդների կողմից նաև բարեհաճ վերաբերմունք կա մեր եկեղեցու նկատմամբ:
            
Ին՞չ նոր ծրագրեր և միջոցառումներ ունեք նախատեսված երիտասարդների հետ:
   -Նոր ծրագրեր ունենք ոչ միայն համագործակցելու բուհերի հետ իբրև «Երիտասարդ միություն», այլ նաև արդեն մեկ ամիս է ինչ գործում է «Աշակերտական եկեղեցասերների միությունը»: Նրանց հետ ունենում ենք ամենշաբաթյա հանդիպումներ «Պիոներ պալատի» դահլիճում: Անց են կացվում դասընթացներ, որի ընթացքում տեղի են ունենում հոգևոր քննարկումներ, նախատեսված է հոգևոր ֆիլմերի դիտում, ընթացքում նաև ուխտագնացություններ,  որպեսզի աշակերտական թևի հետ նույնպես ունենանք հաջողություն: Անհրաժեշտ է, որ աշակերտը արդեն այդ ժամանակավանից սկսած հարգի իր եկեղեցին և, երբ որ բուհի ուսանող դառնա, արդեն որոշակի պաշարով կմերձենա եկեղեցուն և հոգևորականին:
          
Ինչպիսի՞ն է այսօր երիտասարդության վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ, և այդ դասընթացների միջոցով նրանց մեջ ինչ-որ բան փոխվել է, թե ոչ:
            -Հուսամ, որ փոխվել է: Տարիներ են անցնում, մարդիկ ավարտում են բուհը և շատ ուրախալի է,  երբ քահանային տեսնելով բարևում են ոչ թե «բարև ձեզ», այլ «օրհնեցե՛ք, տե՛ր հայր»: Սա նշանակում է, որ այդ դասընթացները հետք են թողել իրենց կյանքում:
       Վերաբերմունքը շատ լավ է, դրական, որովհետև իրենք՝ երիտասարդները, ևս արժեվորում են այդ առարկան և, առհասարակ, եկեղեցու ներկայությունը իրենց կյանքում: Կարծում եմ, դա օգտակար է նաև այն առումով, որ հետագայում, երբ իրենք ընտանիքներ կկազմեն, արդեն կունենան այդ հոգևոր  գիտելիքները և կփոխանցեն իրենց զավակներին: Իսկ սա նշանակում է, որ հավատքը փոխանցվում է սերնդեսերունդ: Եվ եթե նախկին Սովետական Միության  ժամանակ անջատում եղավ եկեղեցու և ժողովրդի միջև, հիմա այդ խնդիրը չկա: Այսօր այս անկախության 20 տարիների ընթացքում, այս սերունդը տեսել է եկեղեցին որպես գործող եկեղեցի, գիտի՝ ով է իր հոգևորականը, մասնակցում է պատարագներին և բոլոր արարողություններին: Բնականաբար, ինքը, ունենալով այդ պաշարն ու այդ հավատքը, հետագայում կփոխանցի դա նաև իր երեխաներին ու այդ բացը, որ ունեինք 70 տարվա ընթացքում, կվերանա:
Վերադառնալով մեր ամսագրի խորագրին՝ այսպիսի մի հարց,
-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի այսօրվա հայ կնոջ կերպարը:
Առհասարակ, կինը իր պատվավոր տեղը ունի մեր կյանքում: Դրա վառ ապացույցն է, որ Աստված, տեսնելով Ադամի տխրությունը, նրա համար իբրև կողակից ստեղծեց Եվային: Եթե Աստվածաշնչյան Հին Կտակարանի պատմություններում մեղքի պատճառով կինը ավելի նվազ դերում էր, ապա Մարիամ Աստվածածնի օրինակով կինը հասավ իր բարձունքին: Մարիամ Աստվածածինը այն եզակի կույսն եղավ աշխարհով մեկ, որին բախտ վիճակվեց իր արգանդում կրել աշխարհի փրկչին: Առհասարակ մեր խորհուրդն է, որ մեր կանայք և աղջիկները լինեն խոնարհ ու հեզ, ապրեն առաքինի կյանքով, ունենան այն բոլոր առաքինությունները , որ ուներ Սուրբ Աստվածածինը: Կինը մեծ նշանակություն ունի մեր կյանքում, նա օջախի պահապանն է, երեխաներին դաստիարակություն տվողը. մի դաստիարակություն, որը պետք է համեմված լինի եկեղեցասիրությամբ և   հայրենասիրությամբ: Խորհուրդ կտանք մանավանդ այսօրվա երիտասարդ աղջիկներին, որ վերկանեն օտարամոլությունից՝ սկսած իրենց հագուկապից մինչև խոսելաոճը, հասկանան, որ իրենք հայ են, հայ քրիստոնյա են, և հայ աղջկան հարիր չեն այնպիսի բաներ, ինչպիսիք կան այլ երկրներում: Մենք հայ քրիստոնյաներ ենք, ունենք մեր ազգային ավանդույթները, որոնք շատ գեղեցիկ են, և երբեք չի կարելի դրանք հետամնաց համարել, ընդհակառակը՝ պետք է վերադառնալ այդ ավանդույթներին: Պետք չէ մոռանալ, որ մենք հայ քրիստոնյա ենք, և հայ կնոջ կերպարը սուրբ կերպար է եղել բոլոր ազգերի մոտ ու բոլոր ժամանակներում:
                                                                                    ՀԵՂԻՆԱԿ Նինա Կիրակոսյան                






                       

Նինա Կիրակոսյան


Ինքնակենսագրություն

 Ես՝ Նինա Մերուժանի Կիրակոսյանս, ծնվել եմ 1991 թվականին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 1999 թվականին ընդունվել եմ տեղի Հովհ. Թումանյանի անվան Թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ավարտելով դպրոցը 2009 թվականին՝ ընդունվել եմ «Ալավերդու Արհեստագործական Ուսումնարան»: 2010 թվականին ավարտել եմ ուսումնարանը և ընդունվել «Երևանի Հյուսիսային Համալսարանի»  Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղի «Մանկավարժություն և մեթոդիկա» ֆակուլտետը: Այժմ սովորում եմ համալսարանի չորրորդ կուրսում: Ունեմ բազմաթիվ նախասիրություններ, որոնցից հատկապես առանձնացնում եմ նկարչությունը. այն իմ տարերքն է: Նաև սիրում եմ ստեղծագործել: 


Աննա Աբովյան

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


 Ես՛ Աննա Գևորգի Աբովյանս, ծնվել եմ 1990թ. Լոռու մարզի Օձուն գյուղում:
1997թ. ընդունվել եմ Օձունի Հովհան Օձնեցու անվան թիվ 1 դպրոցը:
2007թ. դպրոցն ավարտելուց հետո,ընդունվել եմ Ալավերդու արհեստագործական ուսումնարան:1 տարի հետո ավարտել եմ  ուսումնարանը և 2010թ. ընդունվել եմ Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու Թումանյան մասնաճյուղը: Այժմ սովորում եմ համալսարանում՝ <<մանկավարժություն և մեթոդիկա>> ֆակուլտետի 4-րդ կուրսում:

ԻՄ ՓՈՔՐԻԿ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ (Սահմանամերձ համայնքն իր առօրյա խնդիրներով)


ԻՄ ՓՈՔՐԻԿ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ                                                                                                          (Սահմանամերձ համայնքն իր առօրյա խնդիրներով)

   Երբ  մայրաքաղաք  Երևանից  գալիս ես 220կմ հյուսիս հայտնվում ես Հայաստանի այս ծայրամասի նախավերջին գյուղում: Նախավերջին,որովհետև նրանից այն կողմ ևս մի գյուղ և հայտնվում ես սահմանին դեմ-դիմաց:
     Իմ գյուղն է ՝ Բագրատաշենը,ծնվել և մեծացել եմ այստեղ:
    Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից է:Գտնվում է մարզկենտրոն Իջևանից 79կմ  հյուսիս,Դեբեդ գետի աջ ափին՝ հայ- վրացական սահմանի վրա:ՀՀ պետական սահմանից հեռավորությունը 1կմ է:
   Գյուղը հիմնադրվել է 1936թ.-ին ,երբ Բագրատ Վարդանյանը ՝ ով նախկին Նոյեմբերյանի շրջանում պտղաբուծության զարգացման երախտավորն էր,սկսեց նոր հողերի յուրացումը և այգիների հինումը:
   Ոռոգման ջրագծերը հնարավորություն տվեցին նախկին անապատը դարձնելու դրախտ:
   Նախապես բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել Լամբալու:
    1950թ.-ին  սկսում են բնակություն հաստատել մեծ թվով հայեր:1960թ.-ին գյուղը կոչվում է Դեբեդաշեն:Այնուհետև 1972թ.-ի փետրվարի 23-ի հրամանագրով ՝ ի պատիվ Բագրատ Վարդանյանի կոչվում է Բագրատաշեն:
     1970թ.-ին  գյուղն ուներ 2733 բնակիչ՝ հայեր,ռուսներ,ադրբեջանցիներ:1988թ.-ին Ադրբեջանից հայերի բռնագաղթից հետո Բագրատաշենի ադրբեջանցիները մեկնեցին:
     2012թ.-ի հունվարի 1-ի տվյալներով գյուղում բնակվում է 2873հայ բնակիչ՝ 838 ընտանիք:
     Գյուղն ունի և՛ միջնակարգ և՛ հիմնական դպրոցներ:Միջնակարգ դպրոցում սովորում է 333 աշակերտ,հիմնական դպրոցում՝ 92: Ունի նաև մանկապարտեզ,որի սաների թիվը հասնում է մինչև 50-ի:
    Գյուղն ունի նաև ակումբ, գրադարան,բուժկայան:
    Գյուղում մինչև օրս պահպանվում է ազգային բուսաբանական այգին,որտեղ աճեցվում էին նաև այլ բնակլիմայական պայմանների բուսատեսակներ: Նախկինում այգին աշխատողներ ուներ,ովքեր խնամում էին այգու ծառերն ու ծաղիկները:Հիմա այգում աշխատողներ չկան,ցավոք այն բարձի թողի վիճակում է:
      2000թ. –ին բարեգործական միջոցներով գյուղում կառուցվեց մատուռ,որի նախաձեռնողը՝ Նորայր Վարդանյանն էր:
  Մատուռի կառուցման գործում մեծ էր նաև գյուղացիների աջակցությունը:Մատուռը կոչվեց Սբ.Աննա և գործում է մինչև հիմա:
    Նոր  հիմնադրված գյուղի առաջին ընտանիքներից մեկն էլ Արեստակ պապիկի ընտանիքն էր: Նա իր կնոջ՝ Աշխենի հետ Բագրատաշեն են եկել 1958թ.-ին:Արեստակ պապիկի խոսքերով. <<Նոր հիմնադրված գյուղ էր,բայց բոլորն էլ ունեին աշխատանք, ոչ ոք պարապ չէր մնում՝ երիտասարդից մինչև մեծահասակ:Այն ժամանակ գյուղի միակ խնդիրը խմելու ջուրն էր:Մինչև 1963թ.-ը գյուղում ընդհանրապես խմելու ջուր չկար:Օգտվում էինք գետից և մերձակա ջրհորներից:1963թ.-ին Բ. Վարդանյանի նախաձեռնությամբ խմելու ջուր քաշվեց միայն ՛՛Զեյթուն՛՛ սովխոզի համար,բայց օգտվում էր ողջ գյուղը:
      Այգիների բազայի վրա գործում էին ՛՛Զեյթուն՛՛ և ՛՛Լալվար՛՛ սովխոզները:՛՛Զեյթուն՛՛ սովխոզը ամենահարուստ սովխոզն էր Հայաստանում,տարեկան պետությանը տալիս էր 20 հազար  տոննա բերք:Բայց նրանից հետ չէր մնում ՛՛Լալվար՛՛ սովխոզը,նա տալիս էր 12հազար տոննա բերք՛՛:
     Բագրատածենցիների համար նոր կյանքի շրջան է սկսվում,երբ 1993թ.-ին բացվում է շուկան:Գյուղացիները սկսեցին առևտրով զբաղվել,նոր աշխատատեղեր բացվեցին: Բագրատաշեն-Սադախլո  շուկան կապող օղակ էր Հայաստանի ու Վրաստանի գործարար շրջանակների միջև:Հայերը,վրացիներն ու թուրքերը առևտուր էին անում կողք-կողքի և շատ համերաշխ:
      Շուկայի բացման հետ նոր կյանք սկսվեց ոչ միայն բագրատաշենցիների համար, այլև Հայաստանի շատ ու շատ շրջանների բնակիչների համար:Առևտրի գալիս էին Հայաստանի համարյա բոլոր մարզերից:Այդ ժամանակ բոլորն էլ ապրում էին ինչ-որ չափով ապհովված,որովհետև զարգանում էր մանր բիզնեսը:բայց այդ ամենը տևեց մինչև 2005թ.-ը:
   2005թ.-ին շուկան փակվեց և բագրատաշենցիները մատնվեցին անգործության:Շուկայի փակումը վնաս հասցրեց Հայաստանի բնակչությանը,որովհետև բագրատաշենի շուկայի միջոցով էր արտահանվում Հայաստանում արտադրված բանջարաբոստանային մթերքների մեծ մասը:
   Աշխատանք ունեցող,առևտրով զբաղվող գյուղացիների համար շատ դժվար էր միանգամից կտրվել այդ ամենից:հետո կար ևս մի հանգամանք՝ բագրատաշենցները շուկայի պատճառով հոտ էին վարժվել անասնապահությունից ու հողագործությունից,բայց ապրուստի այլ միջոցներ չգտնելով նորից սկսեցին և՛անասնապահոըթյունւ և՛ թե հողագործությունը:Կարելի է ասել,որ շուկայի փակվելը ինչ-որ տեղ նպաստեց,որ գյուղացիները սկսեն զբաղվել հողագործությամբ: Հիմա բնակչությունը զբաղվում է բուսաբուծությամբ,այգեգործությամբ,անասնապահությամբ:
Համայնքի զբաղեցրած տարածքը 2290.50հա է,որից 643.58 հա արոտներ են,իսկ 1063.82 հա վարելահողեր:Դրանց 174հա  խաղողի և պտղատու այգի է,50հա ձիթենու այգի:
   Գյուղը գտնվում է բարեխառն գոտում,ունի մերձարևադարձային կլիմա՝ ամռանը միջին ջերմաստիճանը  +25C է,ձմռանը՝ 0 C:
    Ծովի մակերևույթից 450մ բարձրության վրա աճեցվում է՝ ձիթապտուղ,դեղձ,խաղող,նուռ,թուզ,ձմերուկ,սեխ,ինչպես նաև կիվի,բանան և էլի շատ մրգեր ու բանջարեղեններ:
   Գյուղում հիմնական աշխատանք չունենալը գյուղացիներին դրդում է բռնել արտագաղթի ճամփան:Արտագաղթողների մեծ մասը երիտասարդներն են,ովքեր չունեն ոչ մի զբաղմոււնք: Գնում են գարնան սկզբին և վերադառնում աշնան վերջին,իսկ ոմանք էլ չեն վերադառնում: Քիչ չեն նաև ընտանիքներով գնացողները, ովքեր իրենց ապագան տեսնում են դրսում:
  Բայց այնուամենամենայնիվ գյուղն ապրում է ՝ թեկուզ և իր խնդիրներով:
   Ինչպես նշեցի գյուղի հիմնադրման օրից գյուղի համար մեկ խնդիրը եղել է խմելու ջրի խնդիրը: Գյուղը խմելու ջուր ունեցավ 2009թ.-ին,երբ 20008թ.-ին գյուղապետ դարձավ Արկադի Մակյանը: Նա մեկ տարվա ընթացքում խմելու ջրի նոր ջրագիծ կառուցեց   և բոլոր թաղամասերում ջրատար խողովակներ տեղադրվեցին:
    Գյուղի խնդիրներից մեկն էլ բնական գազի խնդիրն է:Գյուղն ի սկզբանե գազաֆիկացված չի եղել:Բայց արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ և առաջիկա 1-2 տարվա ընթացքում բագրատաշենցիները ևս կապույտ վառելիք կունենան:                                                                Որոշ չափով վերանորոգվել են գյուղամիջյան ճանապարհները:
    2012թ.-ին գյուղի կենտրոնում տեղադրվեց գյուղի հիմնադիր Բագրատ Վարդանյանի կիսանդրին:
   Այո՛, քիչ չեն գյուղի խնդիրները,բայց շատ կարևոր եմ համարում,որ դրանք չեն անտեսվում գյուղապետի կողմից և կամաց-կամաց գտնում են իրենց լուծումները:
   Երբ Վրաստանից մտնում են Հայաստան,առաջինը ոտք են դնում Բագրատաշեն և շատ կարևոր է առաջին տպավորությունը: Երբ օտարները մտնում են մեր երկիր,անհրաժեշտ է,որ տեսնեն մաքուր,բարեկարգ տարածք: Գյուղը կարծես այցեքարտ լինի Հայաստանի համար և պետք է,որ այն լինի իդեալական վիճակում:
    Հուսամ,որ կգա մի օր և իմ Բագրատաշենը  կտեսնեմ այնպիսին,ինչպիսին միշտ պատկերացրել եմ՝ ավելի գեղեցիկ,ավելի մաքուր,լուսավոր և բարեկարգված:
  Բայց այնուամենայնիվ,այս ամենի հետ մեկտեղ սիրում եմ իմ գյուղը և հպարտ եմ,որ հենց բագրատաշենցի եմ: Եվ որ հիմա էլ ապրում եմ ճիշտ է փոքրիկ,բայց իմ սիրելի և հարազատ գյուղում:                                                               Հեղինակ Գայանե Օրբելյան