среда, 7 августа 2013 г.

Կայացած փառատոն Ջավախքում

Հունիսի 3-ից մինչև 16-ը Ախալքալաքում և գյուղերում անցկացվեց «Ջավախքի գարուն»՝ երգի և պարի փառատոնը: 2013-ը փառատոնի համար հոբելյանական էր: Արդեն հինգերորդ անգամ է անցկացվում «Ջավախքի գարուն» փառատոնը:





Հունիսի 3-ից սկսվեց փառատոնի սկզբնական փուլն 9 գյուղական տարածքներում: Ամեն մի գյուղական տարածքում մասնակցում էին շրջակա մի քանի գյուղերից մասնակիցներ:

«Ջավախքի գարուն» փառատոնին մասնակցում էին 150 անհատ և կոլեկտիվ կատարողներ, որոնցից 62-ը անցան եզրափակիչ փուլ:
«Գրան պրի» ստացան երկու պարային խմբեր: Ժողովրդական պար անվանակարգում Ազավրեթի պարային խումբը, իսկ ազգագրական պար անվանակարգում «Վաչիան» պարային համույթը:

«Փառատոնին մենք մասնակցեցինք երկու փուլով: Առաջին փուլն անցկացվեց Վաչիանում, որի ժամանակ եզրափակիչ փուլ անցան երեք պարային խումբ: Իսկ 16-ին Ախալքալաքում ստացանք «գրան պրի» մրցանակ: Երեխաները հրաշալի պարեցին, ես շատ ոգևորված եմ մեր հաղթանակով»,- ասաց Վաչիանի մշակույթի տան վարիչ Նասլեթ Քեյանը:

Իսկ երգի ասպարեզում «գրան պրի» մրցանակն ստացավ 11-ամյա Իրինա Շիպակցյանը՝ Ազավրեթ գյուղից, որը կատարեց Սայաթ-Նովայի «Նազանի» երգը: Նրա կատարման ժամանակ ամբողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր:

«Ջավախքի գարուն» փառատոնի հիմնադիր և նախագահ՝ Ալիք Քսպոյանի կարծիքով փառատոնը կայացած է: «Փառատոնն այս տարի գյուղական վայրերում վերելք էր ապրում: Շատ ուրախալի է, որ գյուղական վայրերում արդեն հայկական տարազներ կան: Արդեն պարի մեջ իմաստ կա: Փառատոնի առաջին տարիներին, որ նոր էինք սկսել, մի քանի պար իրար էին միացվում, չէին հասկանում, արդյոք կարելի է, թե ոչ և սկսում էին պարել: Հիմա փառատոնն իսկապես կայացել է, թե որակապես, թե քանակապես»,- ասաց փառատոնի նախագահը:

Այս տարի փառատոնն առանձնացրել էր 28 մրցանակային տեղ: Փառատոնին կարող էին մասնակցել բոլորը, ոչ մի սահմանափակում չկար: Երկու ամիս առաջ Ախալքալաքի և շրջանի բոլոր գյուղերի հանրակրթական դպրոցները և մշակույթի տները տեղեկացված էին փառատոնի անցկացման կարգի և ժամանակի մասին:

Փառատոնի նպատակն է, որ պարեն բոլորը՝ մեծ թե փոքր: «Ջավախքի գարուն» փառատոնի ավարտին բոլոր մասնակիցները և ներկաները շուրջպար բռնեցին Մեսրոպ Մաշտոցի հրապարակում: Սակայն փառատոնի կազմակերպիչների նպատակն է, որ Ջավախքում շուրջպարը բռնեն Աբուլ սարի լանջին:

        



Աղունիկ Այվազյան
Ախալքալաք
 Աղբյուրը http://am.sknews.ge/index.php?newsid=573#.UgJUL5KSKox

Комментариев нет:

Отправить комментарий