суббота, 7 декабря 2013 г.


        Հոգևոր կյանքի զարթոնք Ալավերդիում





(Հարցազրույց Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Միքայել քահանա Շաղոյանի հետ)

     Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին կառուցվել է 2001 թվականին. դա այն թվականն էր, երբ լրանում էր Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման1700 ամյակը: Նույն թվականի նոյեմբերի 11-ին եկեղեցին օծվել է Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Գուգարաց թեմի առաջնորդ ՝ Տեր-Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդությամբ: Բարերար է հանդիսացել «Վալեքս գրուպ»-ի  նախագահ Վալերի Մեջլումյանը:2002 թվականի հունվարից եկեղեցին դարձել է գործող եկեղեցի, և հոգևոր հովիվ է ձեռնադրվել Տեր Միքայել քահանա Շաղոյանը:

-Տեր Միքայե՛լ, սկզբնական շրջանում Ալավերդու եկեղեցում ի՞նչ խնդիրներ են եղել:
       
      -Սկզբնականը եղել է կայացման խնդիրը, որովհետև եկեղեցին կառուցվել է մի քաղաքում, որտեղ ընդհանրապես եկեղեցի չի եղել: Բնականաբար, հենց սկզբից առաջնահերթ խնդիրը եղել է մարդկանց դարձի բերելը, հավատքի մեջ հստատելը, որովհետև եկեղեցին բոլոր ժամանակներում եղել է մեր տերը, մեր մխիթարիչն ու փրկիչը: Եկեղեցին զբաղվել է ոչ միայն իր կրոնական հարցերով, այլև մեծ դեր է կատարել ժողովրդի հոգևոր, բարոյական և մշակութային կյանքում: Մանավանդ անիշխանական տարիներին հայ ժողովրդի տերը եղել է եկեղեցին, զբաղվել է ամեն տեսակ հարցերով և կոչ արել պայքարելու, պաշտպանելու իր սրբությունները, հայրենիքն ու եկեղեցին:

-Ի՞նչ հաճախականությամբ են այցելում եկեղեցի ալավերդցիները:
      
 -Ընդհանրապես եկեղեցում հոգևոր կյանքը կարելի է վերսկսված համարել Ալավերդիում, որովհետև մարդիկ սկսել են հավատալ, ովքեր թերահավատ էին, հաստատվեցին հավատքի մեջ և այսօր այցելում են սուրբ պատարագներին, տարեցտարի ավելանում են մկրտվողների և պսակադրվողների թիվը: Ավելի հաճախակի ենք հրավիրվում խորհուրդներ կատարելու, թաղման արարողությունների և այլն: Այս ամենը ցույց է տալիս, որ ժողովուրդը կամաց-կամաց վերադառնում է իր  ակունքներին: Այսօր «Եկեղեցու Պատմություն» առարկան դասավանդվում է դպրոցներում, և դա նպաստում է, որ դպրոցական տարիներից երեխաները հասկանան ու ըմբռնեն իրենց եկեղեցին: Ինչպես նաև բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ մամուլի և թե՛ այլ միջոցներով, որպեսզի մեր խոսքը, որը բխում է Աստծուց, հասանելի լինի ժողովրդին:

-Մեր քաղաքում գործում են բազմաթիվ աղանդավորական շարժումներ, մի քանիսը նույնիսկ բազմածավալ: Ինչպե՞ս պետք է դրանց դեմն առնել:
    

                          -Ես չէի ասի բազմաթիվ՝ քանակի առումով, որովհետև շատ մեծ քանակ գոնե մեր քաղաքում չեն կազմում աղանդավորները, թեև կան ակտիվ խմբավորումներ՝ «Եհովայի վկաներ», «Ավետարանչական եկեղեցի», հիմա նաև Ալավերդիում կա  «Կյանքի Խոսք» եկեղեցին: Կցանկանամ նշել տեղերը, քանի որ ժողովրդի մոտ թյուրիմացություն կա. շատերը չեն էլ տարբերակում «թացը չորից»: «Ավետարանչական եկեղեցին» գտնվում է ռուսական դպրոցի հարևանությամբ, նախկին մանկապարտեզի շենքում: «Կյանքի Խոսք» եկեղեցին՝ տպարանի ձորում: «Եհովայի վկաները»­,«Հոգեգալստականները»  և մնացածները հիմնական տեղ չունեն,  հանդիպումներ են կազմակերպում տներում կամ այլ տեղերում: Ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքում կամ գյուղում, այո՛ Ալավերդիում նույնպես այս խնդիրը կա: Աղանդների դեմ պայքարը չպետք է սահմանափակել՝ միայն եկեղեցու վրա թողնելով այդ ծանր բեռը: Աղանդը վնաս է ոչ միայն եկեղեցուն, այլև ազգային                                                                                                   գաղափարախոսությանը, մեր պետականությանը , որովհետև ինչպես տեսնում եք «Եհովայի վկաների» շրջանակներում մարդիկ կան, ովքեր հրաժարվում են զենք կրելուց, ըստ այդմ, եթե չեն ուզում զենք կրել, ուրեմն չեն կարող պաշտպանել մեր հայրենիքն ու մեր պետությունը: Այս իմաստով էլ բավականին մեծ աշխատանք է տարվում սոցիալական այդ ծանր խավի հետ: Ցուցաբերելով տարբեր օգնություններ՝ փորձում են ժողովրդին խաբել և ներգրավել իրենց շարքերը: Կարելի է վիճակագրական թիվ ասել, որ իրենք չեն ավելանում, ինչքան կան, այնքան մնում են: Ցավալին այն է, որ այսօր Հայաստանում ընդհանրապես բոլորը մտածում են, թե միայն եկեղեցականը պիտի պայքարի աղանդավորների դեմ, բայց սա պայքար է յուրաքանչյուր հայորդու համար՝ լինի կին, տղամարդ պաշտոնյա, թե բանվոր: Եթե մարդը քաջ գիտակցում է, որն է իր եկեղեցին, որն է իր եկեղեցու դերը, ինչ ունի արած եկեղեցին պատմության ընթացքում այդ ժողովրդի համար, ուրեմն այդ մարդը, սթափ գիտակցելով, կգանահատի եկեղեցու գործունեությունը իր կյանքում և այսօր չի շեղվի , աղանդավոր չի դառնա: Ի վերջո «աղանդ» բառը նշանակում է շեղում , այսինքն՝ շեղում ճշմարիտ ուղուց: Մեր պապերը դարեր ի վեր պաշտպանել են այս եկեղեցին տարբեր հարձակումներից: Հարձակումները եղել են և՛ ներսից՝ աղանդավորների տեսքով, և՛ դրսից, մահմեդական երկրների կողմից, որոնք փորձել են եկեղեցու դերը նվաստացնել, փոքրացնել: Այս ամենի հետ մեկտեղ օտարները հասկացել են, որ թեև կարող են տարածք գրավել, հայերին ստրկացնել, բայց երբեք չեն կարող նրա միջից հանել հավատքը, և այդ հավատքն է, որ ապրեցրել է , այդ հավատքի վկայություններն են մեր այսօրվա խաչքարերը, վանքերն ու եկեղեցիները: Այդ հավատքի վառ ապացույցն է նաև, որ մենք քիչ ենք, փոքրաթիվ ենք, բայց մնացել ենք որպես ժողովուրդ պատմության երեսին ու դեռ պիտի պայքարենք, մաքառենք, պաշտպանենք մեր սրբությունները և մեր սերունդներին փոխանցենք Հայաստան Երկիրը, որտեղ մարդը կլինի ապահով և՛ֆիզիկապես, և՛ հոգեպես:

-Դուք աշխատում եք երիտասարդների հետ: Մի փոքր պատմեք արդյունքների եւ հեռանկարների մասին:
  
  -Ընդհանրապես հենց առաջին օրվանից մեր ծառայության հիմքում հետևյալ քաղաքականությունն ենք որդեգրել, որ աշխատենք երիտասարդության հետ, որոնք էլ մեր հիմնական այցելուների թիվն են կազմում: Իհարկե առավել դժվար է աշխատել ժողովրդի այն հատվածի հետ, ովքեր ապրել են սովետական շրջանում, երբ եկեղեցին մերժված էր: Բայց այնուամենայնիվ իրենք էլ են դարձի գալիս և հաճախում են եկեղեցի: Ակտիվ համագործակցում ենք Ալավերդու այն երիտասարդության հետ, ովքեր եկեղեցասիրություն են դրսևորում: Մշտապես մեր այցելությունները լինում են «Եվրոպական քոլեջ», «Ալավերդու պետական քոլեջ», «Ալավերդու արհեստակագործական ուսումնարան»: Ամենշաբաթյա դասընթացներ ունենք Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղում, որտեղ արդեն տարիներ շարունակ, մոտավորապես տաս տարի, այդ առարկան դասավանդվում է: Ընթացքում ունենում մենք տարբեր քննարկումներ, դասապրոցեսներ, սեմինարներ և հաճախակի ուխտագնացություններ դեպի Հայաստանի տարբեր վայրեր: Այդ ուխտագնացությունների միջոցով երիտասարդը կապվում է եկեղեցուն, ցուցաբերում է իր եկեղեցասիրությունը և պատրաստակամությունը: Պիտի նշեմ, որ երիտասարդների կողմից նաև բարեհաճ վերաբերմունք կա մեր եկեղեցու նկատմամբ:
            
-Ին՞չ նոր ծրագրեր և միջոցառումներ ունեք նախատեսված երիտասարդների հետ:
  
 -Նոր ծրագրեր ունենք ոչ միայն համագործակցելու բուհերի հետ իբրև «Երիտասարդ միություն», այլ նաև արդեն մեկ ամիս է ինչ գործում է «Աշակերտական եկեղեցասերների միությունը»: Նրանց հետ ունենում ենք ամենշաբաթյա հանդիպումներ «Պիոներ պալատի» դահլիճում: Անց են կացվում դասընթացներ, որի ընթացքում տեղի են ունենում հոգևոր քննարկումներ, նախատեսված է հոգևոր ֆիլմերի դիտում, ընթացքում նաև ուխտագնացություններ,  որպեսզի աշակերտական թևի հետ նույնպես ունենանք հաջողություն: Անհրաժեշտ է, որ աշակերտը արդեն այդ ժամանակավանից սկսած հարգի իր եկեղեցին և, երբ որ բուհի ուսանող դառնա, արդեն որոշակի պաշարով կմերձենա եկեղեցուն և հոգևորականին:
          
-Ինչպիսի՞ն է այսօր երիտասարդության վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ, և այդ դասընթացների միջոցով նրանց մեջ ինչ-որ բան փոխվել է, թե ոչ:
           
 -Հուսամ, որ փոխվել է: Տարիներ են անցնում, մարդիկ ավարտում են բուհը և շատ ուրախալի է,  երբ քահանային տեսնելով բարևում են ոչ թե «բարև ձեզ», այլ «օրհնեցե՛ք, տե՛ր հայր»: Սա նշանակում է, որ այդ դասընթացները հետք են թողել իրենց կյանքում:
       Վերաբերմունքը շատ լավ է, դրական, որովհետև իրենք՝ երիտասարդները, ևս արժեվորում են այդ առարկան և, առհասարակ, եկեղեցու ներկայությունը իրենց կյանքում: Կարծում եմ, դա օգտակար է նաև այն առումով, որ հետագայում, երբ իրենք ընտանիքներ կկազմեն, արդեն կունենան այդ հոգևոր  գիտելիքները և կփոխանցեն իրենց զավակներին: Իսկ սա նշանակում է, որ հավատքը փոխանցվում է սերնդեսերունդ: Եվ եթե նախկին Սովետական Միության  ժամանակ անջատում եղավ եկեղեցու և ժողովրդի միջև, հիմա այդ խնդիրը չկա: Այսօր այս անկախության 20 տարիների ընթացքում, այս սերունդը տեսել է եկեղեցին որպես գործող եկեղեցի, գիտի՝ ով է իր հոգևորականը, մասնակցում է պատարագներին և բոլոր արարողություններին: Բնականաբար, ինքը, ունենալով այդ պաշարն ու այդ հավատքը, հետագայում կփոխանցի դա նաև իր երեխաներին ու այդ բացը, որ ունեինք 70 տարվա ընթացքում, կվերանա:
Վերադառնալով մեր ամսագրի խորագրին՝ այսպիսի մի հարց,
-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի այսօրվա հայ կնոջ կերպարը:
Առհասարակ, կինը իր պատվավոր տեղը ունի մեր կյանքում: Դրա վառ ապացույցն է, որ Աստված, տեսնելով Ադամի տխրությունը, նրա համար իբրև կողակից ստեղծեց Եվային: Եթե Աստվածաշնչյան Հին Կտակարանի պատմություններում մեղքի պատճառով կինը ավելի նվազ դերում էր, ապա Մարիամ Աստվածածնի օրինակով կինը հասավ իր բարձունքին: Մարիամ Աստվածածինը այն եզակի կույսն եղավ աշխարհով մեկ, որին բախտ վիճակվեց իր արգանդում կրել աշխարհի փրկչին: Առհասարակ մեր խորհուրդն է, որ մեր կանայք և աղջիկները լինեն խոնարհ ու հեզ, ապրեն առաքինի կյանքով, ունենան այն բոլոր առաքինությունները , որ ուներ Սուրբ Աստվածածինը: Կինը մեծ նշանակություն ունի մեր կյանքում, նա օջախի պահապանն է, երեխաներին դաստիարակություն տվողը. մի դաստիարակություն, որը պետք է համեմված լինի եկեղեցասիրությամբ և   հայրենասիրությամբ: Խորհուրդ կտանք մանավանդ այսօրվա երիտասարդ աղջիկներին, որ վերկանեն օտարամոլությունից՝ սկսած իրենց հագուկապից մինչև խոսելաոճը, հասկանան, որ իրենք հայ են, հայ քրիստոնյա են, և հայ աղջկան հարիր չեն այնպիսի բաներ, ինչպիսիք կան այլ երկրներում: Մենք հայ քրիստոնյաներ ենք, ունենք մեր ազգային ավանդույթները, որոնք շատ գեղեցիկ են, և երբեք չի կարելի դրանք հետամնաց համարել, ընդհակառակը՝ պետք է վերադառնալ այդ ավանդույթներին: Պետք չէ մոռանալ, որ մենք հայ քրիստոնյա ենք, և հայ կնոջ կերպարը սուրբ կերպար է եղել բոլոր ազգերի մոտ ու բոլոր ժամանակներում:
                                                                                   
                                                                                                        Հեղինակ՝  Նինա Կիրակոսյան                


ԻՄ ՓՈՔՐԻԿ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԸ                                                                                                                                                                            (Սահմանամերձ համայնքն իր առօրյա խնդիրներով)

   Երբ  մայրաքաղաք  Երևանից  գալիս ես 220կմ հյուսիս հայտնվում ես Հայաստանի Հանրապետության  հյուսիս-արևելքի նախավերջին գյուղում: Նախավերջին,որովհետև նրանից վերև ևս մի գյուղ և հայտնվում ես սահմանին դեմ-դիմաց:
     Իմ գյուղն է ՝ Բագրատաշենը,ծնվել և մեծացել եմ այստեղ:
    Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից է:Գտնվում է մարզկենտրոն Իջևանից 79կմ  հյուսիս,Դեբեդ գետի աջ ափին՝ հայ- վրացական սահմանի վրա:ՀՀ պետական սահմանից հեռավորությունը 1կմ է:



   Գյուղը հիմնադրվել է 1936թ.-ին ,երբ Բագրատ Վարդանյանը ՝ ով նախկին Նոյեմբերյանի շրջանում պտղաբուծության զարգացման երախտավորն էր,սկսեց նոր հողերի յուրացումը և այգիների հինումը:
   Ոռոգման ջրագծերը հնարավորություն տվեցին նախկին անապատը դարձնելու դրախտ:
   Նախապես բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել Լամբալու:
    1950թ.-ին  սկսում են բնակություն հաստատել մեծ թվով հայեր:1960թ.-ին գյուղը կոչվում է Դեբեդաշեն:Այնուհետև 1972թ.-ի փետրվարի 23-ի հրամանագրով ՝ ի պատիվ Բագրատ Վարդանյանի կոչվում է Բագրատաշեն:
     1970թ.-ին  գյուղն ուներ 2733 բնակիչ՝ հայեր,ռուսներ,ադրբեջանցիներ:1988թ.-ին Ադրբեջանից հայերի բռնագաղթից հետո Բագրատաշենի ադրբեջանցիները մեկնեցին:
     2012թ.-ի հունվարի 1-ի տվյալներով գյուղում բնակվում է 2873հայ բնակիչ՝ 838 ընտանիք:
     Գյուղն ունի և՛ միջնակարգ և՛ հիմնական դպրոցներ:Միջնակարգ դպրոցում սովորում է 333 աշակերտ,հիմնական դպրոցում՝ 92: Ունի նաև մանկապարտեզ,որի սաների թիվը հասնում է մինչև 50-ի:
    Գյուղն ունի նաև ակումբ, գրադարան,բուժկայան:
    Գյուղում մինչև օրս պահպանվում է ազգային բուսաբանական այգին,որտեղ աճեցվում էին նաև այլ բնակլիմայական պայմանների բուսատեսակներ: Նախկինում այգին աշխատողներ ուներ,ովքեր խնամում էին այգու ծառերն ու ծաղիկները:Հիմա այգում աշխատողներ չկան:
                                                                            2000թ. –ին բարեգործական միջոցներով գյուղում կառուցվեց մատուռ,որի նախաձեռնողը՝ Նորայր Վարդանյանն էր:
  Մատուռի կառուցման գործում մեծ էր նաև գյուղացիների աջակցությունը:Մատուռը կոչվեց Սբ.Աննա և գործում է մինչև հիմա:
    Նոր  հիմնադրված գյուղի առաջին ընտանիքներից մեկն էլ Արեստակ պապիկի ընտանիքն էր: Նա իր կնոջ՝ Աշխենի հետ Բագրատաշեն են եկել 1958թ.-ին:Արեստակ պապիկի խոսքերով. <<Նոր հիմնադրված գյուղ էր,բայց բոլորն էլ ունեին աշխատանք, ոչ ոք պարապ չէր մնում՝ երիտասարդից մինչև մեծահասակ:Այն ժամանակ գյուղի միակ խնդիրը խմելու ջուրն էր:Մինչև 1963թ.-ը գյուղում ընդհանրապես խմելու ջուր չկար:Օգտվում էինք գետից և մերձակա ջրհորներից:1963թ.-ին Բ. Վարդանյանի նախաձեռնությամբ խմելու ջուր քաշվեց միայն ՛՛Զեյթուն՛՛ սովխոզի համար,բայց օգտվում էր ողջ գյուղը:
      Այգիների բազայի հիման վրա գործում էին ՛՛Զեյթուն՛՛ և ՛՛Լալվար՛՛ սովխոզները:՛՛Զեյթուն՛՛ սովխոզը ամենահարուստ սովխոզն էր Հայաստանում,տարեկան պետությանը տալիս էր 20 հազար  տոննա բերք:Բայց նրանից հետ չէր մնում ՛՛Լալվար՛՛ սովխոզը,նա տալիս էր 12հազար տոննա բերք՛՛:
     Բագրատաշենցիների համար նոր կյանքի շրջան է սկսվում,երբ 1993թ.-ին բացվում է շուկան:Գյուղացիները սկսեցին առևտրով զբաղվել,նոր աշխատատեղեր բացվեցին: Բագրատաշեն-Սադախլո  շուկան կապող օղակ էր Հայաստանի ու Վրաստանի գործարար շրջանակների միջև:Հայերը,վրացիներն ու ադրբեջանցիները առևտուր էին անում կողք-կողքի և շատ համերաշխ:
      Շուկայի բացման հետ նոր կյանք սկսվեց ոչ միայն բագրատաշենցիների համար, այլև Հայաստանի շատ ու շատ շրջանների բնակիչների համար:Առևտրի գալիս էին Հայաստանի համարյա բոլոր մարզերից:Այդ ժամանակ բոլորն էլ ապրում էին ինչ-որ չափով ապհովված,որովհետև զարգանում էր մանր բիզնեսը:Բայց այդ ամենը տևեց մինչև 2005թ.-ը:
   2005թ.-ին շուկան փակվեց և բագրատաշենցիները մատնվեցին անգործության:Շուկայի փակումը վնաս հասցրեց Հայաստանի բնակչությանը,որովհետև Բագրատաշենի շուկայի միջոցով էր արտահանվում Հայաստանում արտադրված բանջարաբոստանային մթերքների մեծ մասը:
   Աշխատանք ունեցող,առևտրով զբաղվող գյուղացիների համար շատ դժվար էր միանգամից կտրվել այդ ամենից:Հետո կար ևս մի հանգամանք՝ բագրատաշենցները շուկայի պատճառով հետ էին վարժվել անասնապահությունից ու հողագործությունից,բայց ապրուստի այլ միջոցներ չգտնելով նորից սկսեցին և՛անասնապահությունը և՛ թե հողագործությունը:Կարելի է ասել,որ շուկայի փակվելը ինչ-որ տեղ նպաստեց,որ գյուղացիները սկսեն զբաղվել հողագործությամբ:
           Հիմա բնակչությունը զբաղվում է բուսաբուծությամբ,այգեգործությամբ,անասնապահությամբ:
  Համայնքի զբաղեցրած տարածքը 2290.50հա է,որից 643.58 հա արոտներ են,իսկ 1063.82 հա վարելահողեր:Դրանց 174հա  խաղողի և պտղատու այգի է,50հա ձիթենու այգի:
   Գյուղը գտնվում է բարեխառն գոտում,ունի մերձարևադարձային կլիմա՝ ամռանը միջին ջերմաստիճանը  +25C է,ձմռանը՝ 0 C:
    Ծովի մակերևույթից 450մ բարձրության վրա աճեցվում է՝ ձիթապտուղ,դեղձ,խաղող,նուռ,թուզ,ձմերուկ,սեխ,ինչպես նաև կիվի,բանան և էլի շատ մրգեր ու բանջարեղեններ:
      Գյուղում հիմնական աշխատանք չունենալը գյուղացիներին դրդում է բռնել արտագաղթի ճամփան:Արտագաղթողների մեծ մասը երիտասարդներն են,ովքեր չունեն ոչ մի զբաղմունք: Գնում են գարնան սկզբին և վերադառնում աշնան վերջին,իսկ ոմանք էլ չեն վերադառնում: Քիչ չեն նաև ընտանիքներով գնացողները, ովքեր իրենց ապագան տեսնում են դրսում:
  Բայց այնուամենամենայնիվ գյուղն ապրում է ՝ թեկուզ և իր խնդիրներով:
   Ինչպես նշեցի գյուղի հիմնադրման օրից գյուղի համար մեկ խնդիրը եղել է խմելու ջրի խնդիրը: Գյուղը խմելու ջուր ունեցավ 2009թ.-ին,երբ 2008թ.-ին գյուղապետ դարձավ Արկադի Մակյանը: Նա մեկ տարվա ընթացքում խմելու ջրի նոր ջրագիծ կառուցեց   և բոլոր թաղամասերում ջրատար խողովակներ տեղադրվեցին:
    Գյուղի խնդիրներից մեկն էլ բնական գազի խնդիրն է:Գյուղն ի սկզբանե գազաֆիկացված չի եղել:Բայց արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ և առաջիկա 1-2 տարվա ընթացքում բագրատաշենցիները ևս կապույտ վառելիք կունենան:                                                                             Որոշ չափով վերանորոգվել են գյուղամիջյան ճանապարհները:
    2012թ.-ին գյուղի կենտրոնում տեղադրվեց գյուղի հիմնադիր Բագրատ Վարդանյանի կիսանդրին:
   Այո՛, քիչ չեն գյուղի խնդիրները,բայց շատ կարևոր եմ համարում,որ դրանք չեն անտեսվում գյուղապետի կողմից և կամաց-կամաց գտնում են իրենց լուծումները:
   Երբ Վրաստանից մտնում են Հայաստան,առաջինը ոտք են դնում Բագրատաշեն և շատ կարևոր է առաջին տպավորությունը: Երբ օտարները մտնում են մեր երկիր,անհրաժեշտ է,որ տեսնեն մաքուր,բարեկարգ տարածք: Գյուղը կարծես այցեքարտ լինի Հայաստանի համար և պետք է,որ այն լինի իդեալական վիճակում:
    Հուսամ,որ կգա մի օր և իմ Բագրատաշենը  կտեսնեմ այնպիսին,ինչպիսին միշտ պատկերացրել եմ՝ ավելի գեղեցիկ,ավելի մաքուր,լուսավոր և բարեկարգված:


  Բայց այնուամենայնիվ,այս ամենի հետ մեկտեղ սիրում եմ իմ գյուղը և հպարտ եմ,որ հենց բագրատաշենցի եմ: Եվ որ հիմա էլ ապրում եմ ճիշտ է փոքրիկ,բայց իմ սիրելի և հարազատ գյուղում:

                                                                  Հեղինակ` ԳԱՅԱՆԵ ՕՐԲԵԼՅԱՆ

среда, 4 декабря 2013 г.

     

     ՏՆՕՐԵՆԸ ՊԵՏՔ Է ԱՅՆՊԻՍԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՍՏԵՂԾԻ,ՈՐ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԻՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԶԳԱ...                                                                                                                                                         


  Հարցազրույց  Ալավերդու  Սպանդարյանի անվան
N 1 հիմնական դպրոցի  տնօրեն
Տիկին Սեդա Վահրամյանի  հետ

Ծնվել է 1955թ.  Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում: Ավարտել է  Ճոճկանի  միջնակարգ դպրոցը և անմիջապես ընդունվել Երևանի  Խաչատուր Աբովյանի անվան  պետական մանկավարժական համալսարանի  բանասիրական ֆակուլտետը:
1977թ. համալսարանն ավարտելուց հետո  աշխատել է Ճոճկանի միջնակարգ դպրոցում, իսկ 1979թ-ից  Ալավերդու Սպանդարյանի անվան N 1 դպորցում:
1994թ-ից  դարձել է դաստիարակչական  աշխատանքների կազմակերպիչ, 1996թ-ից աշխատել է, որպես ուսմասվար, իսկ 2011թ. ընտրվել տնօրեն:

1. Տիկին Վահրամյան ո՞ր թվականին է հիմնադրվել Ալավերդու Սպանդարյանի անվան  N 1 հիմնական դպրոցը:
Դպրոցը հիմնադրվել է 1922թ-ին: Առաջին  քայլերը կատարել է  Մադան  թաղամասում մի փոքրիկ բնակարանից: Սկզբնական շրջանում  երկու  ուսուցչով և  քսաներկու աշակերտով  դպրոց է եղել, հետագայում աստիճանաբար  հավաքվել են  ոչ միայն քաղաքի, այլև տարածաշրջանի  գյուղերի երեխաները և 1939թ-ին  դպրոցը ճյուղավորվել է: Այս  դպրոցի հիմքի վրա են ձևավորվել և՛ռուսական  և՛  Նալբանդյան դպրոցները, իսկ 1963-1964թթ.ուսումնական տարում  տեղափոխվել են այս մասնաշենք, իսկ  Մադանում մնացել է այսօրվա գործող  Սայաթ-Նովայի անվան  դպրոցը, որը հետագայում բարձրացվել է  Սարահարթ թաղամաս:
Դպրոցը հետաքրքիր պատմություն ունի.  մայր դպրոց լինելով  մյուս դպրոցների համար, 2007թ-ից  դպրոց-կենտրոն է դարձել, այսինքն՝  այստեղ են վերապատրաստվում տարածաշրջանի բոլոր դպրոցների ուսուցիչները: Այսօր էլ  <<դպրոց-կենտրոնների>>  միության անդամ է:
2, Մեր կրթական համակարգը  վերջերս անցել է 12-ամյա  կրության: Ինչպե՞ս եք վերաբերվում  այս փոփոխություններին և ինչպե՞ս է դա ազդում  աշակերտների կրթական  մակարդակի բարձրացման վրա:
Ինտեգրվեցին  եվրոպական չափորոշիչներին և կրթությունը դարձրին  12-ամյա: Ճիշտն ասած ես 11-րդ դասարանը  լիարժեք բավարար եմ համարում, քանի որ 12-րդ դասարանում հիմնականում կրկնություններ են:  Իմ կարծիքով մեր երկիրը  դեռ պատրաստ չէր  այդ բարեփոխմանը, չնայած ես կողմ եմ ավագ դպրոցների կայացմանը, եթե իհարկե չափորոշիչներին  համանուն գործի  և ոչ միայն ցուցանակով փոխվի, այլև ներքին բովանդակոնթյամբ,ուսուցիչների մակարդակով, աշակերտների պատասխանատվությամբ:
Այսօր դեռ չկայացած է ավագ դպրոցը: Մենք մեր քաղաքում  տեսնում ենք, որ միջնակարգ դպրոցից  համարյա ոչնով չի տարբերվում, թե՛ նյութատեխնիկական բազայով, թե՛ հաճախելիությամբ: Այսօրվա դպրոցի առաջ  խնդիր է դրված  կյանքին պատրաստ աշակերտներ ուղարկել: Ինչու ենք ասում այսօր դպրոցը ոչ թե ուսուցչակենտրոն է, այլ աշակերտակենտրոն, ինչ է դա նշանակում, որ ոչ թե ուսուցիչը պատրաստի գիտելիք տվողն է, այլ ուղորդողը, ուսուցիչն աշակերտին  մղում է սովորելու, գիտելիք ձեռք բերելու ճանապարհն է ցույց  տալիս: Երբ որ աշակերտը ինքն է  եզրահանգումների գալիս, դրանով նրա  ստեղծագործական երևակայությունն է ընդլայնվում:
Թեպետ ավանդական դպրոցներն էլ  ունեին շատ լավ ավանդույթներ, բայց այդ առումով  այսօրվա դպրոցները  ես ավելի համահունչ եմ համարում:

3, Ըստ Ձեզ, որպես պրակտիկ երկարամյա  մասնագետի և տնօրենի, ի՞նչ է անհրաժեշտ   աշակերտներին նյութը մատչելի դարձնելու համար:
Ամենակարևորը  երեխայի մեջ  սեր արթնացնելն է գիտելիքի նկատմամբ:  Ուսուցիչը պետք է կարողանա  այնպես անել, որ երեխան ինքը  ուզենա սովորի, այսինքն ուսուցիչը երեխայի հոգում  պիտի վառի այդ կրակը, որը հետագայում պիտի բոց դառնա: Առաջին հերթին երեխան պետք է հասկանա, ինչու է սովորում, որն է իր սովորելու նպատակը , ինչ ճանապարհ պիտի ընտրի  գիտելիք ձեռք բերելու համար, իսկ հետո ինչի համար է օգտագործելու ձեռք բերած գիտելիքները: Դեռ առաջին դասարանից  երեխայի մեջ պետք է հավատ ներշնչել  սեփական ուժերի նկատմամբ: Շատ կարևոր է նաև  վստահության մթնոլորտը: Միայն փոխադարձ սիրո և հարգանքի  վրա հիմնված  հարաբերությունների ժամանակ է, որ և՛ ուսուցիչը և՛ աշակերտը հասնում են իրենց նպատակին: Երբ ուսուցիչը մտնում է դասարան  չպիտի լինեն  սիրված ու չսիրված աշակերտներ, բոլորինհ պետք  է հավասար աչքով նայել: Այստեղ շատ կարևոր է նաև  դպրոցի տնօրենի դերը: Տնօրենը պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծի, որ ուսուցիչը իրեն պաշտպանված զգա:

4. Դպրոցում տղամարդ  ուսուցիչների պակաս կա: Ըստ Ձեզ որքանո՞վ է  կարևոր  նրանց ներկայությունը դպրոցում և ինչպե՞ս կարելի է  մանկավարժական կոլեկտիվը  համալրել տղամարդ ուսուցիչներով:
Շատ լավ, բայց միաժամանակ շատ ցավոտ հարց է: Եթե փոքրիկ էքսկուրս եմ կատարում, երբ աշխատում էի այս դպրոցում համարյա հավասար էին  կանանց ու տղամարդկանց քանակները: Չնայած ուսուցիչը  միշտ կոռեկտ է իր կերպարում, բայց տղամարդիկ ասես զսպաշապիկ լինեին կանանց համար:  Մենք գիտենք, որ  հատկապես տղա երեխաների դաստիարակության համար  դպրոցում շատ կարևոր է  տղամարդ ուսուցչի դերը, որովհետև  երեխան առաջին հերթին  իր համար իդեալ է տեսնում  ուսուցչի կերպարը  և ուզում է նմանվել նրան: Հիմա իմ դպրոցում սովորում են 42 աղջիկ և 60 տղա, ու այդ 60 տղաները ամեն օր տեսնում են  միայն կին ուսուցիչների, բնական է չէ, որ նրանք ավելի շատ ուզում են նմանվել  կին ուսուցիչների և այս դեպքում առնականությունը մի տեսակ հետին պլան է մղվում:
Իմ կարծիքով այս խնդրի  բացատրությունը պայմանավորված է  ուսուցիչնեի չնչին աշխատավարձով: Տղամարդը տան հենասյուն է, ընտանիքի կերակրողը և դպրոցում  աշխատավարձի չնչին լինելու  պատճառով  բնական է, որ այլ աշխատանք է որոնում: Հիմա մեր դպրոցում 2 տղամարդ ուսոսցիչ ունենք, մեկը ռազմագիտություն, իսկ  մյուսը՛ ֆիզկուլտուրայի, մնացածը բոլորը կանայք են:  Տղաներին առնական դաստիարակելու համար դպրոցին անհրաժեշտ են տղամարդ ուսոցիչներ:

5. Որպես  հայ կին և մայր  ինչպե՞ս եք համատեղում  աշխատանքը ընտանիքի հետ
Երիտասարդ տարիներին, երբ ինձ առաջարկում էին  վարչական աշխատանք, անկեղծ ասաց հրաժարվում էի երեխաներիս պատճառով:  3 աղջիկ ունեմ, նրանց պիտի երաժշտական դպրոց հասցնեի  ու դրա հետ մեկտեղ տան հոգսերով զբաղվեի: Երբ երեխաներս մեծացան ու ամեն մեկն իր ճանապարհն ընտրեց,  ես էլ ընտրեցի վարչական աշխատանքը ու հիմա ավելի շատ դպրոցում եմ լինում, քան տանը: Իմ ընտանիքի անդամները ինձ չեն խանգարում, այլ ընդհակառակը՛ ամեն հարցում կողքիս են և օգնում են դպրոցի գործերին:

6. Ի՞նչն եք կարևորում  հայ աղջկա և տղայի  դաստիարակության մեջ որպես  ապագա մոր և հոր:
Արժեքները: Արժեքները շատ կարևոր են: Եվ՛ հայ աղջիկը,  և՛ հայ տղան  պիտի կարողանան գնահատել ընտանիքը, որպես կարևոր արժեք:  Աղջիկը պիտի կարողանա իր մեջ  ամփոփել  համեստության ու չափի զգացողությունը, իսկ տղամարդը պիտի գնահատող լինի,պիտի կարողանա  գնահատել ծնողին , կնոջը, ընտանիքը, հայրենիքը:  Տղամարդը պիտի իր վրա վերցնի պատասխանատվության դերը, իսկ կինը՛  ընտանիքում խաղաղություն և անդորր հաստատելու դերը:
Շատ  կարևոր միտք կա, <<Փոքրիկ իշխան>>-ում.<<նրան,  ում ընտելացնում ես  մեծ պատասխանատվություն ես կրում նրա համար>>: Այդ պատասխանատվությունը  պիտի և՛ կինը կրի և՛ ամուսինը: Երբ կինը և տղամարդը  պատասխանատվության դերը  իրենց վրա վերցնեն հիմքից  այդ դեպքում ավելի  հեշտ կլինի  ու ավելի ճիշտ կկառուցվի նրանց ընտանիքը:

7. Ինչպե՞ս է ազդում համացանցը  կրթական համակարգի  և աշակերտների ուսուցման գործընթացի վրա, դրա օգտավետության  նրբությունները  Ձեր կարծիքով:
Եվ՛լավ, և՛ վատ: Շատ կարևոր է  համացանցի  առկայությունը , եթե իհարկե  երեխաները կարողանան  ճիշտ օգտվել դրանից: Այս դեպքում շատ կարևոր է, որ և՛ տանը և՛ դպրոցում գրագետ մոտեցում ցուցաբերվի: Իհարկե դպրոցը կարողանում է այդ բալանսը  պահել: Պարզապես տանը  երեխաները որոշակի  կախվածություն են ունենում համակարգչից:
Բոլորս էլ գիտենք, որ այսօր դասագրքրեի մեծ մասը  կա համացանցում: Եթե դասագիրքը չկա, երեխան շատ հանգիստ  կարող է  մտնել կրթության էջ, ցանկացած դասագիրք բացել  և օգտվել դրանից: Շատ կարևոր է համացանցը ուղղակի զգոնություն  անհրաժեշտ:

8. Հասարակության  ներսում ընտանիքի դերը  և մեր ավանդական ընտանիքների  կայացման եղանակներն ու սկզբունքները ըստ Ձեզ:
<<Զորավոր է այն ազգը, որն ու լավ ըտանիք>>, այսպես էր ասում Մուրացանը <<Գևորգ Մարզպետունի>> պատմավեպում: Լիովին համաձայն եմ այս  խոսքերի հետ:  Հասարակության հիմքը ընտանիքն է: Հասարակությունը ավելի ուժեղ է կայացած է, եթե նրա  մեջ  կան  կայուն ընտանքիենր: 
Ճիշտ է  նախկինում սերը  միշտ էլ առուծախի  առարկա է եղել, սակայն քիչ չեն եղել  նաև իսկական սիրո վրա հիմնված  ընտանիքները: Երբեմն թվում է, թե սիրում ես, բայց երբ ընտանիքի հոգսերի ու կենցաղի մեջ ես մտնում այդ ժամանակ հաճախ սերը   հետին պլան է մղվում, սակայն, եթե  ընտանիքը հիմնված է  իսկական,  անշահախնդիր սիրո  վրա հնարավոր չէ նման խնդիրներ լինեն:
Բնությունը մեզ շատ լավ բան է հուշում. միշտ  էլ կայծակից, ամպրոպից հետո  արև է լինում, եթե այդ սերը կա , ջերմությունը կա, հավատացե՛ք, որ ամեն մի փոթորկից հետո  անպայման արև է լինելու, եթե ընտանիքի հիմքում  առաջին հերթին դնենք սերը, վստահությունը, փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը, ապա այս դեպքում ընտանիքը կայացած կլինի: Ունենալով կայացած ընտանիք  կունենանք նաև կայուն հասարակություն, իսկ երկիրն էլ կկառուցվի  այդ կայուն հասարակության  հիմքի վրա:

Աննա Աբովյան