ԻՄ ՓՈՔՐԻԿ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԸ (Սահմանամերձ համայնքն իր առօրյա խնդիրներով)
Երբ մայրաքաղաք
Երևանից գալիս ես 220կմ հյուսիս հայտնվում
ես Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքի
նախավերջին գյուղում: Նախավերջին,որովհետև նրանից վերև ևս մի գյուղ և հայտնվում ես
սահմանին դեմ-դիմաց:
Իմ գյուղն է
՝ Բագրատաշենը,ծնվել և մեծացել եմ այստեղ:
Տավուշի մարզի
սահմանամերձ գյուղերից է:Գտնվում է մարզկենտրոն Իջևանից 79կմ հյուսիս,Դեբեդ գետի աջ ափին՝ հայ- վրացական սահմանի
վրա:ՀՀ պետական սահմանից հեռավորությունը 1կմ է:
Գյուղը հիմնադրվել է 1936թ.-ին ,երբ Բագրատ Վարդանյանը ՝ ով նախկին Նոյեմբերյանի շրջանում պտղաբուծության զարգացման երախտավորն էր,սկսեց նոր հողերի յուրացումը և այգիների հինումը:
Ոռոգման ջրագծերը
հնարավորություն տվեցին նախկին անապատը դարձնելու դրախտ:
Նախապես բնակեցված
է եղել ադրբեջանցիներով և կոչվել Լամբալու:
1950թ.-ին սկսում են բնակություն հաստատել մեծ թվով հայեր:1960թ.-ին
գյուղը կոչվում է Դեբեդաշեն:Այնուհետև 1972թ.-ի փետրվարի 23-ի հրամանագրով ՝ ի պատիվ
Բագրատ Վարդանյանի կոչվում է Բագրատաշեն:
1970թ.-ին գյուղն ուներ 2733 բնակիչ՝ հայեր,ռուսներ,ադրբեջանցիներ:1988թ.-ին
Ադրբեջանից հայերի բռնագաղթից հետո Բագրատաշենի ադրբեջանցիները մեկնեցին:
2012թ.-ի հունվարի
1-ի տվյալներով գյուղում բնակվում է 2873հայ բնակիչ՝ 838 ընտանիք:
Գյուղն ունի
և՛ միջնակարգ և՛ հիմնական դպրոցներ:Միջնակարգ դպրոցում սովորում է 333 աշակերտ,հիմնական
դպրոցում՝ 92: Ունի նաև մանկապարտեզ,որի սաների թիվը հասնում է մինչև 50-ի:
Գյուղն ունի նաև
ակումբ, գրադարան,բուժկայան:
Գյուղում մինչև
օրս պահպանվում է ազգային բուսաբանական այգին,որտեղ աճեցվում էին նաև այլ բնակլիմայական
պայմանների բուսատեսակներ: Նախկինում այգին աշխատողներ ուներ,ովքեր խնամում էին այգու
ծառերն ու ծաղիկները:Հիմա այգում աշխատողներ չկան:
2000թ. –ին
բարեգործական միջոցներով գյուղում կառուցվեց մատուռ,որի նախաձեռնողը՝ Նորայր Վարդանյանն էր:
Մատուռի կառուցման
գործում մեծ էր նաև գյուղացիների աջակցությունը:Մատուռը կոչվեց Սբ.Աննա և գործում է
մինչև հիմա:
Նոր հիմնադրված գյուղի առաջին ընտանիքներից մեկն էլ
Արեստակ պապիկի ընտանիքն էր: Նա իր կնոջ՝ Աշխենի հետ Բագրատաշեն են եկել 1958թ.-ին:Արեստակ
պապիկի խոսքերով. <<Նոր հիմնադրված գյուղ էր,բայց բոլորն էլ ունեին աշխատանք,
ոչ ոք պարապ չէր մնում՝ երիտասարդից մինչև մեծահասակ:Այն ժամանակ գյուղի միակ խնդիրը
խմելու ջուրն էր:Մինչև 1963թ.-ը գյուղում ընդհանրապես խմելու ջուր չկար:Օգտվում էինք
գետից և մերձակա ջրհորներից:1963թ.-ին Բ. Վարդանյանի նախաձեռնությամբ խմելու ջուր քաշվեց
միայն ՛՛Զեյթուն՛՛ սովխոզի համար,բայց օգտվում էր ողջ գյուղը:
Այգիների բազայի հիման վրա գործում էին ՛՛Զեյթուն՛՛ և ՛՛Լալվար՛՛ սովխոզները:՛՛Զեյթուն՛՛ սովխոզը ամենահարուստ
սովխոզն էր Հայաստանում,տարեկան պետությանը տալիս էր 20 հազար տոննա բերք:Բայց նրանից հետ չէր մնում ՛՛Լալվար՛՛
սովխոզը,նա տալիս էր 12հազար տոննա բերք՛՛:
Բագրատաշենցիների
համար նոր կյանքի շրջան է սկսվում,երբ 1993թ.-ին բացվում է շուկան:Գյուղացիները սկսեցին
առևտրով զբաղվել,նոր աշխատատեղեր բացվեցին: Բագրատաշեն-Սադախլո շուկան կապող օղակ էր Հայաստանի ու Վրաստանի գործարար
շրջանակների միջև:Հայերը,վրացիներն ու ադրբեջանցիները առևտուր էին անում կողք-կողքի և շատ
համերաշխ:
Շուկայի բացման
հետ նոր կյանք սկսվեց ոչ միայն բագրատաշենցիների համար, այլև Հայաստանի շատ ու շատ
շրջանների բնակիչների համար:Առևտրի գալիս էին Հայաստանի համարյա բոլոր մարզերից:Այդ
ժամանակ բոլորն էլ ապրում էին ինչ-որ չափով ապհովված,որովհետև զարգանում էր մանր բիզնեսը:Բայց
այդ ամենը տևեց մինչև 2005թ.-ը:
2005թ.-ին շուկան
փակվեց և բագրատաշենցիները մատնվեցին անգործության:Շուկայի փակումը վնաս հասցրեց Հայաստանի
բնակչությանը,որովհետև Բագրատաշենի շուկայի միջոցով էր արտահանվում Հայաստանում արտադրված
բանջարաբոստանային մթերքների մեծ մասը:
Աշխատանք ունեցող,առևտրով
զբաղվող գյուղացիների համար շատ դժվար էր միանգամից կտրվել այդ ամենից:Հետո կար ևս
մի հանգամանք՝ բագրատաշենցները շուկայի պատճառով հետ էին վարժվել անասնապահությունից
ու հողագործությունից,բայց ապրուստի այլ միջոցներ չգտնելով նորից սկսեցին և՛անասնապահությունը և՛ թե հողագործությունը:Կարելի է ասել,որ շուկայի փակվելը ինչ-որ տեղ նպաստեց,որ գյուղացիները
սկսեն զբաղվել հողագործությամբ:
Հիմա բնակչությունը զբաղվում է բուսաբուծությամբ,այգեգործությամբ,անասնապահությամբ:
Հիմա բնակչությունը զբաղվում է բուսաբուծությամբ,այգեգործությամբ,անասնապահությամբ:
Համայնքի զբաղեցրած տարածքը 2290.50հա է,որից 643.58 հա արոտներ
են,իսկ 1063.82 հա վարելահողեր:Դրանց 174հա
խաղողի և պտղատու այգի է,50հա ձիթենու այգի:
Գյուղը գտնվում
է բարեխառն գոտում,ունի մերձարևադարձային կլիմա՝ ամռանը միջին ջերմաստիճանը +25C է,ձմռանը՝ 0 C:
Ծովի մակերևույթից
450մ բարձրության վրա աճեցվում է՝ ձիթապտուղ,դեղձ,խաղող,նուռ,թուզ,ձմերուկ,սեխ,ինչպես
նաև կիվի,բանան և էլի շատ մրգեր ու բանջարեղեններ:
Գյուղում հիմնական
աշխատանք չունենալը գյուղացիներին դրդում է բռնել արտագաղթի ճամփան:Արտագաղթողների
մեծ մասը երիտասարդներն են,ովքեր չունեն ոչ մի զբաղմունք: Գնում են գարնան սկզբին
և վերադառնում աշնան վերջին,իսկ ոմանք էլ չեն վերադառնում: Քիչ չեն նաև ընտանիքներով
գնացողները, ովքեր իրենց ապագան տեսնում են դրսում:
Ինչպես նշեցի գյուղի
հիմնադրման օրից գյուղի համար մեկ խնդիրը եղել է խմելու ջրի խնդիրը: Գյուղը խմելու
ջուր ունեցավ 2009թ.-ին,երբ 2008թ.-ին գյուղապետ դարձավ Արկադի Մակյանը: Նա մեկ տարվա ընթացքում խմելու ջրի նոր ջրագիծ կառուցեց և բոլոր թաղամասերում ջրատար խողովակներ տեղադրվեցին:
Գյուղի խնդիրներից
մեկն էլ բնական գազի խնդիրն է:Գյուղն ի սկզբանե գազաֆիկացված չի եղել:Բայց արդեն աշխատանքներ
են տարվում այդ ուղղությամբ և առաջիկա 1-2 տարվա ընթացքում բագրատաշենցիները ևս կապույտ
վառելիք կունենան: Որոշ չափով վերանորոգվել են գյուղամիջյան ճանապարհները:
Այո՛, քիչ չեն
գյուղի խնդիրները,բայց շատ կարևոր եմ համարում,որ դրանք չեն անտեսվում գյուղապետի կողմից
և կամաց-կամաց գտնում են իրենց լուծումները:
Երբ Վրաստանից
մտնում են Հայաստան,առաջինը ոտք են դնում Բագրատաշեն և շատ կարևոր է առաջին տպավորությունը:
Երբ օտարները մտնում են մեր երկիր,անհրաժեշտ է,որ տեսնեն մաքուր,բարեկարգ տարածք: Գյուղը
կարծես այցեքարտ լինի Հայաստանի համար և պետք է,որ այն լինի իդեալական վիճակում:
Հուսամ,որ կգա
մի օր և իմ Բագրատաշենը կտեսնեմ այնպիսին,ինչպիսին
միշտ պատկերացրել եմ՝ ավելի գեղեցիկ,ավելի մաքուր,լուսավոր և բարեկարգված:
Բայց այնուամենայնիվ,այս
ամենի հետ մեկտեղ սիրում եմ իմ գյուղը և հպարտ եմ,որ հենց բագրատաշենցի եմ: Եվ որ հիմա
էլ ապրում եմ ճիշտ է փոքրիկ,բայց իմ սիրելի և հարազատ գյուղում:
Հեղինակ` ԳԱՅԱՆԵ ՕՐԲԵԼՅԱՆ
Հեղինակ` ԳԱՅԱՆԵ ՕՐԲԵԼՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий