понедельник, 2 декабря 2013 г.

Հոգևոր կյանքի զարթոնք Ալավերդիում


                                                 Հոգևոր կյանքի զարթոնք Ալավերդիում
(Հարցազրույց Ալավերդու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Միքայել քահանա Շաղոյանի հետ)












  Նախաբան: Ալավերդու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 2001 թվականին. դա այն թվականն էր, երբ լրանում էր Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակը: Նույն թվականի նոյեմբերի 11-ին եկեղեցին օծվել է Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Գուգարաց թեմի առաջնորդ ՝ Տեր-Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդությամբ: Բարերար է հանդիսացել «Վալեքս գրուպ»-ի  նախագահ Վալերի Մեջլումյանը: 2002 թվականի հունվարից եկեղեցին դարձել է գործող եկեղեցի, և հոգևոր հովիվ է ձեռնադրվել Տեր Միքայել քահանա Շաղոյանը:

Տեր Միքայե՛լ, սկզբնական շրջանում Ալավերդու եկեղեցում ի՞նչ խնդիրներ են եղել:
         -Սկզբնականը եղեղ է կայացման խնդիրը, որովհետև եկեղեցին կառուցվել է մի քաղաքում, որտեղ ընդհանրապես եկեղեցի չի եղել: Բնականաբար, հենց սկզբից առաջնահերթ խնդիրը եղել է մարդկանց դարձի բերելը, հավատքի մեջ հստատելը, որովհետև եկեղեցին բոլոր ժամանակներում եղել է մեր տերը, մեր մխիթարիչն ու փրկիչը: Եկեղեցին զբաղվել է ոչ միայն իր կրոնական հարցերով, այլև մեծ դեր է կատարել ժողովրդի հոգևոր, բարոյական և մշակութային կյանքում: Մանավանդ անիշխանական տարիներին հայ ժողովրդի տերը եղել է եկեղեցին, զբաղվել է ամեն տեսակ հարցերով և կոչ արել պայքարելու, պաշտպանելու իր սրբությունները, հայրենիքն ու եկեղեցին:
Ի՞նչ հաճախականությամբ են այցելում եկեղեցի ալավերդցիները:
       -Ընդհանրապես եկեղեցում հոգևոր կյանքը կարելի է վերսկսված համարել Ալավերդիում, որովհետև մարդիկ սկսել են հավատալ, ովքեր թերահավատ էին, հաստատվեցին հավատքի մեջ և այսօր այցելում են սուրբ պատարագներին, տարեցտարի ավելանում են մկրտվողների և պսակադրվողների թիվը: Ավելի հաճախակի ենք հրավիրվում խորհուրդներ կատարելու, թաղման արարողությունների և այլն: Այս ամենը ցույց է տալիս, որ ժողովուրդը կամաց-կամաց վերադառնում է իր  ակունքներին: Այսօր «Եկեղեցու Պատմություն» առարկան դասավանդվում է դպրոցներում, և դա նպաստում է, որ դպրոցական տարիներից երեխաները հասկանան ու ըմբռնեն իրենց եկեղեցին: Ինչպես նաև բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ մամուլի և թե՛ այլ միջոցներով, որպեսզի մեր խոսքը, որը բխում է Աստծուց, հասանելի լինի ժողովրդին:
Մեր քաղաքում գործում են բազմաթիվ աղանդավորական շարժումներ, մի քանիսը նույնիսկ բազմածավալ: Ինչպե՞ս պետք է դրանց դեմն առնել:
      -Ես չէի ասի բազմաթիվ՝ քանակի առումով, որովհետև շատ մեծ քանակ գոնե մեր քաղաքում չեն կազմում աղանդավորները, թեև կան ակտիվ խմբավորումներ՝ «Եհովայի վկաներ», «Ավետարանչական եկեղեցի», հիմա նաև Ալավերդիում կա  «Կյանքի Խոսք» եկեղեցին: Կցանկանամ նշել տեղերը, քանի որ ժողովրդի մոտ թյուրիմացություն կա. շատերը չեն էլ տարբերակում «թացը չորից»: «Ավետարանչական եկեղեցին» գտնվում է ռուսական դպրոցի հարևանությամբ, նախկին մանկապարտեզի շենքում: «Կյանքի Խոսք» եկեղեցին՝ տպարանի ձորում: «Եհովայի վկաները»­,«Հոգեգալստականները»  և մնացածները հիմնական տեղ չունեն,  հանդիպումներ են կազմակերպում տներում կամ այլ տեղերում: Ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքում կամ գյուղում, այո՛ Ալավերդիում նույնպես այս խնդիրը կա: Աղանդների դեմ պայքարը չպետք է սահմանափակել՝ միայն եկեղեցու վրա թողնելով այդ ծանր բեռը: Աղանդը վնաս է ոչ միայն եկեղեցուն, այլև ազգային գաղափարախոսությանը, մեր պետականությանը , որովհետև ինչպես տեսնում եք «Եհովայի վկաների» շրջանակներում մարդիկ կան, ովքեր հրաժարվում են զենք կրելուց, ըստ այդմ, եթե չեն ուզում զենք կրել, ուրեմն չեն կարող պաշտպանել մեր հայրենիքն ու մեր պետությունը: Այս իմաստով էլ բավականին մեծ աշխատանք է տարվում սոցիալական այդ ծանր խավի հետ: Ցուցաբերելով տարբեր օգնություններ՝ փորձում են ժողովրդին խաբել և ներգրավել իրենց շարքերը: Կարելի է վիճակագրական թիվ ասել, որ իրենք չեն ավելանում, ինչքան կան, այնքան մնում են: Ցավալին այն է, որ այսօր Հայաստանում ընդհանրապես բոլորը մտածում են, թե միայն եկեղեցականը պիտի պայքարի աղանդավորների դեմ, բայց սա պայքար է յուրաքանչյուր հայորդու համար՝ լինի կին, տղամարդ պաշտոնյա, թե բանվոր: Եթե մարդը քաջ գիտակցում է, որն է իր եկեղեցին, որն է իր եկեղեցու դերը, ինչ ունի արած եկեղեցին պատմության ընթացքում այդ ժողովրդի համար, ուրեմն այդ մարդը, սթափ գիտակցելով, կգանահատի եկեղեցու գործունեությունը իր կյանքում և այսօր չի շեղվի , աղանդավոր չի դառնա: Ի վերջո «աղանդ» բառը նշանակում է շեղում , այսինքն՝ շեղում ճշմարիտ ուղուց: Մեր պապերը դարեր ի վեր պաշտպանել են այս եկեղեցին տարբեր հարձակումներից: Հարձակումները եղել են և՛ ներսից՝ աղանդավորների տեսքով, և՛ դրսից, մահմեդական երկրների կողմից, որոնք փորձել են եկեղեցու դերը նվաստացնել, փոքրացնել: Այս ամենի հետ մեկտեղ օտարները հասկացել են, որ թեև կարող են տարածք գրավել, հայերին ստրկացնել, բայց երբեք չեն կարող նրա միջից հանել հավատքը, և այդ հավատքն է, որ ապրեցրել է , այդ հավատքի վկայություններն են մեր այսօրվա խաչքարերը, վանքերն ու եկեղեցիները: Այդ հավատքի վառ ապացույցն է նաև, որ մենք քիչ ենք, փոքրաթիվ ենք, բայց մնացել ենք որպես ժողովուրդ պատմության երեսին ու դեռ պիտի պայքարենք, մաքառենք, պաշտպանենք մեր սրբությունները և մեր սերունդներին փոխանցենք Հայաստան Երկիրը, որտեղ մարդը կլինի ապահով և՛ֆիզիկապես, և՛ հոգեպես:

Դուք աշխատում եք երիտասարդների հետ: Մի փոքր պատմեք արդյունքների եւ հեռանկարների մասին:
    -Ընդհանրապես հենց առաջին օրվանից մեր ծառայության հիմքում հետևյալ քաղաքականությունն ենք որդեգրել, որ աշխատենք երիտասարդության հետ, որոնք էլ մեր հիմնական այցելուների թիվն են կազմում: Իհարկե առավել դժվար է աշխատել ժողովրդի այն հատվածի հետ, ովքեր ապրել են սովետական շրջանում, երբ եկեղեցին մերժված էր: Բայց այնուամենայնիվ իրենք էլ են դարձի գալիս և հաճախում են եկեղեցի: Ակտիվ համագործակցում ենք Ալավերդու այն երիտասարդության հետ, ովքեր եկեղեցասիրություն են դրսևորում: Մշտապես մեր այցելությունները լինում են «Եվրոպական քոլեջ», «Ալավերդու պետական քոլեջ», «Ալավերդու արհեստակագործական ուսումնարան»: Ամենշաբաթյա դասընթացներ ունենք Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղում, որտեղ արդեն տարիներ շարունակ, մոտավորապես տաս տարի, այդ առարկան դասավանդվում է: Ընթացքում ունենում մենք տարբեր քննարկումներ, դասապրոցեսներ, սեմինարներ և հաճախակի ուխտագնացություններ դեպի Հայաստանի տարբեր վայրեր: Այդ ուխտագնացությունների միջոցով երիտասարդը կապվում է եկեղեցուն, ցուցաբերում է իր եկեղեցասիրությունը և պատրաստակամությունը: Պիտի նշեմ, որ երիտասարդների կողմից նաև բարեհաճ վերաբերմունք կա մեր եկեղեցու նկատմամբ:
            
Ին՞չ նոր ծրագրեր և միջոցառումներ ունեք նախատեսված երիտասարդների հետ:
   -Նոր ծրագրեր ունենք ոչ միայն համագործակցելու բուհերի հետ իբրև «Երիտասարդ միություն», այլ նաև արդեն մեկ ամիս է ինչ գործում է «Աշակերտական եկեղեցասերների միությունը»: Նրանց հետ ունենում ենք ամենշաբաթյա հանդիպումներ «Պիոներ պալատի» դահլիճում: Անց են կացվում դասընթացներ, որի ընթացքում տեղի են ունենում հոգևոր քննարկումներ, նախատեսված է հոգևոր ֆիլմերի դիտում, ընթացքում նաև ուխտագնացություններ,  որպեսզի աշակերտական թևի հետ նույնպես ունենանք հաջողություն: Անհրաժեշտ է, որ աշակերտը արդեն այդ ժամանակավանից սկսած հարգի իր եկեղեցին և, երբ որ բուհի ուսանող դառնա, արդեն որոշակի պաշարով կմերձենա եկեղեցուն և հոգևորականին:
          
Ինչպիսի՞ն է այսօր երիտասարդության վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ, և այդ դասընթացների միջոցով նրանց մեջ ինչ-որ բան փոխվել է, թե ոչ:
            -Հուսամ, որ փոխվել է: Տարիներ են անցնում, մարդիկ ավարտում են բուհը և շատ ուրախալի է,  երբ քահանային տեսնելով բարևում են ոչ թե «բարև ձեզ», այլ «օրհնեցե՛ք, տե՛ր հայր»: Սա նշանակում է, որ այդ դասընթացները հետք են թողել իրենց կյանքում:
       Վերաբերմունքը շատ լավ է, դրական, որովհետև իրենք՝ երիտասարդները, ևս արժեվորում են այդ առարկան և, առհասարակ, եկեղեցու ներկայությունը իրենց կյանքում: Կարծում եմ, դա օգտակար է նաև այն առումով, որ հետագայում, երբ իրենք ընտանիքներ կկազմեն, արդեն կունենան այդ հոգևոր  գիտելիքները և կփոխանցեն իրենց զավակներին: Իսկ սա նշանակում է, որ հավատքը փոխանցվում է սերնդեսերունդ: Եվ եթե նախկին Սովետական Միության  ժամանակ անջատում եղավ եկեղեցու և ժողովրդի միջև, հիմա այդ խնդիրը չկա: Այսօր այս անկախության 20 տարիների ընթացքում, այս սերունդը տեսել է եկեղեցին որպես գործող եկեղեցի, գիտի՝ ով է իր հոգևորականը, մասնակցում է պատարագներին և բոլոր արարողություններին: Բնականաբար, ինքը, ունենալով այդ պաշարն ու այդ հավատքը, հետագայում կփոխանցի դա նաև իր երեխաներին ու այդ բացը, որ ունեինք 70 տարվա ընթացքում, կվերանա:
Վերադառնալով մեր ամսագրի խորագրին՝ այսպիսի մի հարց,
-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի այսօրվա հայ կնոջ կերպարը:
Առհասարակ, կինը իր պատվավոր տեղը ունի մեր կյանքում: Դրա վառ ապացույցն է, որ Աստված, տեսնելով Ադամի տխրությունը, նրա համար իբրև կողակից ստեղծեց Եվային: Եթե Աստվածաշնչյան Հին Կտակարանի պատմություններում մեղքի պատճառով կինը ավելի նվազ դերում էր, ապա Մարիամ Աստվածածնի օրինակով կինը հասավ իր բարձունքին: Մարիամ Աստվածածինը այն եզակի կույսն եղավ աշխարհով մեկ, որին բախտ վիճակվեց իր արգանդում կրել աշխարհի փրկչին: Առհասարակ մեր խորհուրդն է, որ մեր կանայք և աղջիկները լինեն խոնարհ ու հեզ, ապրեն առաքինի կյանքով, ունենան այն բոլոր առաքինությունները , որ ուներ Սուրբ Աստվածածինը: Կինը մեծ նշանակություն ունի մեր կյանքում, նա օջախի պահապանն է, երեխաներին դաստիարակություն տվողը. մի դաստիարակություն, որը պետք է համեմված լինի եկեղեցասիրությամբ և   հայրենասիրությամբ: Խորհուրդ կտանք մանավանդ այսօրվա երիտասարդ աղջիկներին, որ վերկանեն օտարամոլությունից՝ սկսած իրենց հագուկապից մինչև խոսելաոճը, հասկանան, որ իրենք հայ են, հայ քրիստոնյա են, և հայ աղջկան հարիր չեն այնպիսի բաներ, ինչպիսիք կան այլ երկրներում: Մենք հայ քրիստոնյաներ ենք, ունենք մեր ազգային ավանդույթները, որոնք շատ գեղեցիկ են, և երբեք չի կարելի դրանք հետամնաց համարել, ընդհակառակը՝ պետք է վերադառնալ այդ ավանդույթներին: Պետք չէ մոռանալ, որ մենք հայ քրիստոնյա ենք, և հայ կնոջ կերպարը սուրբ կերպար է եղել բոլոր ազգերի մոտ ու բոլոր ժամանակներում:
                                                                                    ՀԵՂԻՆԱԿ Նինա Կիրակոսյան                






                       

Комментариев нет:

Отправить комментарий