понедельник, 2 декабря 2013 г.

ԻՄ ՓՈՔՐԻԿ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ (Սահմանամերձ համայնքն իր առօրյա խնդիրներով)


ԻՄ ՓՈՔՐԻԿ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ                                                                                                          (Սահմանամերձ համայնքն իր առօրյա խնդիրներով)

   Երբ  մայրաքաղաք  Երևանից  գալիս ես 220կմ հյուսիս հայտնվում ես Հայաստանի այս ծայրամասի նախավերջին գյուղում: Նախավերջին,որովհետև նրանից այն կողմ ևս մի գյուղ և հայտնվում ես սահմանին դեմ-դիմաց:
     Իմ գյուղն է ՝ Բագրատաշենը,ծնվել և մեծացել եմ այստեղ:
    Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից է:Գտնվում է մարզկենտրոն Իջևանից 79կմ  հյուսիս,Դեբեդ գետի աջ ափին՝ հայ- վրացական սահմանի վրա:ՀՀ պետական սահմանից հեռավորությունը 1կմ է:
   Գյուղը հիմնադրվել է 1936թ.-ին ,երբ Բագրատ Վարդանյանը ՝ ով նախկին Նոյեմբերյանի շրջանում պտղաբուծության զարգացման երախտավորն էր,սկսեց նոր հողերի յուրացումը և այգիների հինումը:
   Ոռոգման ջրագծերը հնարավորություն տվեցին նախկին անապատը դարձնելու դրախտ:
   Նախապես բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել Լամբալու:
    1950թ.-ին  սկսում են բնակություն հաստատել մեծ թվով հայեր:1960թ.-ին գյուղը կոչվում է Դեբեդաշեն:Այնուհետև 1972թ.-ի փետրվարի 23-ի հրամանագրով ՝ ի պատիվ Բագրատ Վարդանյանի կոչվում է Բագրատաշեն:
     1970թ.-ին  գյուղն ուներ 2733 բնակիչ՝ հայեր,ռուսներ,ադրբեջանցիներ:1988թ.-ին Ադրբեջանից հայերի բռնագաղթից հետո Բագրատաշենի ադրբեջանցիները մեկնեցին:
     2012թ.-ի հունվարի 1-ի տվյալներով գյուղում բնակվում է 2873հայ բնակիչ՝ 838 ընտանիք:
     Գյուղն ունի և՛ միջնակարգ և՛ հիմնական դպրոցներ:Միջնակարգ դպրոցում սովորում է 333 աշակերտ,հիմնական դպրոցում՝ 92: Ունի նաև մանկապարտեզ,որի սաների թիվը հասնում է մինչև 50-ի:
    Գյուղն ունի նաև ակումբ, գրադարան,բուժկայան:
    Գյուղում մինչև օրս պահպանվում է ազգային բուսաբանական այգին,որտեղ աճեցվում էին նաև այլ բնակլիմայական պայմանների բուսատեսակներ: Նախկինում այգին աշխատողներ ուներ,ովքեր խնամում էին այգու ծառերն ու ծաղիկները:Հիմա այգում աշխատողներ չկան,ցավոք այն բարձի թողի վիճակում է:
      2000թ. –ին բարեգործական միջոցներով գյուղում կառուցվեց մատուռ,որի նախաձեռնողը՝ Նորայր Վարդանյանն էր:
  Մատուռի կառուցման գործում մեծ էր նաև գյուղացիների աջակցությունը:Մատուռը կոչվեց Սբ.Աննա և գործում է մինչև հիմա:
    Նոր  հիմնադրված գյուղի առաջին ընտանիքներից մեկն էլ Արեստակ պապիկի ընտանիքն էր: Նա իր կնոջ՝ Աշխենի հետ Բագրատաշեն են եկել 1958թ.-ին:Արեստակ պապիկի խոսքերով. <<Նոր հիմնադրված գյուղ էր,բայց բոլորն էլ ունեին աշխատանք, ոչ ոք պարապ չէր մնում՝ երիտասարդից մինչև մեծահասակ:Այն ժամանակ գյուղի միակ խնդիրը խմելու ջուրն էր:Մինչև 1963թ.-ը գյուղում ընդհանրապես խմելու ջուր չկար:Օգտվում էինք գետից և մերձակա ջրհորներից:1963թ.-ին Բ. Վարդանյանի նախաձեռնությամբ խմելու ջուր քաշվեց միայն ՛՛Զեյթուն՛՛ սովխոզի համար,բայց օգտվում էր ողջ գյուղը:
      Այգիների բազայի վրա գործում էին ՛՛Զեյթուն՛՛ և ՛՛Լալվար՛՛ սովխոզները:՛՛Զեյթուն՛՛ սովխոզը ամենահարուստ սովխոզն էր Հայաստանում,տարեկան պետությանը տալիս էր 20 հազար  տոննա բերք:Բայց նրանից հետ չէր մնում ՛՛Լալվար՛՛ սովխոզը,նա տալիս էր 12հազար տոննա բերք՛՛:
     Բագրատածենցիների համար նոր կյանքի շրջան է սկսվում,երբ 1993թ.-ին բացվում է շուկան:Գյուղացիները սկսեցին առևտրով զբաղվել,նոր աշխատատեղեր բացվեցին: Բագրատաշեն-Սադախլո  շուկան կապող օղակ էր Հայաստանի ու Վրաստանի գործարար շրջանակների միջև:Հայերը,վրացիներն ու թուրքերը առևտուր էին անում կողք-կողքի և շատ համերաշխ:
      Շուկայի բացման հետ նոր կյանք սկսվեց ոչ միայն բագրատաշենցիների համար, այլև Հայաստանի շատ ու շատ շրջանների բնակիչների համար:Առևտրի գալիս էին Հայաստանի համարյա բոլոր մարզերից:Այդ ժամանակ բոլորն էլ ապրում էին ինչ-որ չափով ապհովված,որովհետև զարգանում էր մանր բիզնեսը:բայց այդ ամենը տևեց մինչև 2005թ.-ը:
   2005թ.-ին շուկան փակվեց և բագրատաշենցիները մատնվեցին անգործության:Շուկայի փակումը վնաս հասցրեց Հայաստանի բնակչությանը,որովհետև բագրատաշենի շուկայի միջոցով էր արտահանվում Հայաստանում արտադրված բանջարաբոստանային մթերքների մեծ մասը:
   Աշխատանք ունեցող,առևտրով զբաղվող գյուղացիների համար շատ դժվար էր միանգամից կտրվել այդ ամենից:հետո կար ևս մի հանգամանք՝ բագրատաշենցները շուկայի պատճառով հոտ էին վարժվել անասնապահությունից ու հողագործությունից,բայց ապրուստի այլ միջոցներ չգտնելով նորից սկսեցին և՛անասնապահոըթյունւ և՛ թե հողագործությունը:Կարելի է ասել,որ շուկայի փակվելը ինչ-որ տեղ նպաստեց,որ գյուղացիները սկսեն զբաղվել հողագործությամբ: Հիմա բնակչությունը զբաղվում է բուսաբուծությամբ,այգեգործությամբ,անասնապահությամբ:
Համայնքի զբաղեցրած տարածքը 2290.50հա է,որից 643.58 հա արոտներ են,իսկ 1063.82 հա վարելահողեր:Դրանց 174հա  խաղողի և պտղատու այգի է,50հա ձիթենու այգի:
   Գյուղը գտնվում է բարեխառն գոտում,ունի մերձարևադարձային կլիմա՝ ամռանը միջին ջերմաստիճանը  +25C է,ձմռանը՝ 0 C:
    Ծովի մակերևույթից 450մ բարձրության վրա աճեցվում է՝ ձիթապտուղ,դեղձ,խաղող,նուռ,թուզ,ձմերուկ,սեխ,ինչպես նաև կիվի,բանան և էլի շատ մրգեր ու բանջարեղեններ:
   Գյուղում հիմնական աշխատանք չունենալը գյուղացիներին դրդում է բռնել արտագաղթի ճամփան:Արտագաղթողների մեծ մասը երիտասարդներն են,ովքեր չունեն ոչ մի զբաղմոււնք: Գնում են գարնան սկզբին և վերադառնում աշնան վերջին,իսկ ոմանք էլ չեն վերադառնում: Քիչ չեն նաև ընտանիքներով գնացողները, ովքեր իրենց ապագան տեսնում են դրսում:
  Բայց այնուամենամենայնիվ գյուղն ապրում է ՝ թեկուզ և իր խնդիրներով:
   Ինչպես նշեցի գյուղի հիմնադրման օրից գյուղի համար մեկ խնդիրը եղել է խմելու ջրի խնդիրը: Գյուղը խմելու ջուր ունեցավ 2009թ.-ին,երբ 20008թ.-ին գյուղապետ դարձավ Արկադի Մակյանը: Նա մեկ տարվա ընթացքում խմելու ջրի նոր ջրագիծ կառուցեց   և բոլոր թաղամասերում ջրատար խողովակներ տեղադրվեցին:
    Գյուղի խնդիրներից մեկն էլ բնական գազի խնդիրն է:Գյուղն ի սկզբանե գազաֆիկացված չի եղել:Բայց արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ և առաջիկա 1-2 տարվա ընթացքում բագրատաշենցիները ևս կապույտ վառելիք կունենան:                                                                Որոշ չափով վերանորոգվել են գյուղամիջյան ճանապարհները:
    2012թ.-ին գյուղի կենտրոնում տեղադրվեց գյուղի հիմնադիր Բագրատ Վարդանյանի կիսանդրին:
   Այո՛, քիչ չեն գյուղի խնդիրները,բայց շատ կարևոր եմ համարում,որ դրանք չեն անտեսվում գյուղապետի կողմից և կամաց-կամաց գտնում են իրենց լուծումները:
   Երբ Վրաստանից մտնում են Հայաստան,առաջինը ոտք են դնում Բագրատաշեն և շատ կարևոր է առաջին տպավորությունը: Երբ օտարները մտնում են մեր երկիր,անհրաժեշտ է,որ տեսնեն մաքուր,բարեկարգ տարածք: Գյուղը կարծես այցեքարտ լինի Հայաստանի համար և պետք է,որ այն լինի իդեալական վիճակում:
    Հուսամ,որ կգա մի օր և իմ Բագրատաշենը  կտեսնեմ այնպիսին,ինչպիսին միշտ պատկերացրել եմ՝ ավելի գեղեցիկ,ավելի մաքուր,լուսավոր և բարեկարգված:
  Բայց այնուամենայնիվ,այս ամենի հետ մեկտեղ սիրում եմ իմ գյուղը և հպարտ եմ,որ հենց բագրատաշենցի եմ: Եվ որ հիմա էլ ապրում եմ ճիշտ է փոքրիկ,բայց իմ սիրելի և հարազատ գյուղում:                                                               Հեղինակ Գայանե Օրբելյան














                                                                    

Комментариев нет:

Отправить комментарий