среда, 4 декабря 2013 г.

     

     ՏՆՕՐԵՆԸ ՊԵՏՔ Է ԱՅՆՊԻՍԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՍՏԵՂԾԻ,ՈՐ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԻՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԶԳԱ...                                                                                                                                                         


  Հարցազրույց  Ալավերդու  Սպանդարյանի անվան
N 1 հիմնական դպրոցի  տնօրեն
Տիկին Սեդա Վահրամյանի  հետ

Ծնվել է 1955թ.  Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում: Ավարտել է  Ճոճկանի  միջնակարգ դպրոցը և անմիջապես ընդունվել Երևանի  Խաչատուր Աբովյանի անվան  պետական մանկավարժական համալսարանի  բանասիրական ֆակուլտետը:
1977թ. համալսարանն ավարտելուց հետո  աշխատել է Ճոճկանի միջնակարգ դպրոցում, իսկ 1979թ-ից  Ալավերդու Սպանդարյանի անվան N 1 դպորցում:
1994թ-ից  դարձել է դաստիարակչական  աշխատանքների կազմակերպիչ, 1996թ-ից աշխատել է, որպես ուսմասվար, իսկ 2011թ. ընտրվել տնօրեն:

1. Տիկին Վահրամյան ո՞ր թվականին է հիմնադրվել Ալավերդու Սպանդարյանի անվան  N 1 հիմնական դպրոցը:
Դպրոցը հիմնադրվել է 1922թ-ին: Առաջին  քայլերը կատարել է  Մադան  թաղամասում մի փոքրիկ բնակարանից: Սկզբնական շրջանում  երկու  ուսուցչով և  քսաներկու աշակերտով  դպրոց է եղել, հետագայում աստիճանաբար  հավաքվել են  ոչ միայն քաղաքի, այլև տարածաշրջանի  գյուղերի երեխաները և 1939թ-ին  դպրոցը ճյուղավորվել է: Այս  դպրոցի հիմքի վրա են ձևավորվել և՛ռուսական  և՛  Նալբանդյան դպրոցները, իսկ 1963-1964թթ.ուսումնական տարում  տեղափոխվել են այս մասնաշենք, իսկ  Մադանում մնացել է այսօրվա գործող  Սայաթ-Նովայի անվան  դպրոցը, որը հետագայում բարձրացվել է  Սարահարթ թաղամաս:
Դպրոցը հետաքրքիր պատմություն ունի.  մայր դպրոց լինելով  մյուս դպրոցների համար, 2007թ-ից  դպրոց-կենտրոն է դարձել, այսինքն՝  այստեղ են վերապատրաստվում տարածաշրջանի բոլոր դպրոցների ուսուցիչները: Այսօր էլ  <<դպրոց-կենտրոնների>>  միության անդամ է:
2, Մեր կրթական համակարգը  վերջերս անցել է 12-ամյա  կրության: Ինչպե՞ս եք վերաբերվում  այս փոփոխություններին և ինչպե՞ս է դա ազդում  աշակերտների կրթական  մակարդակի բարձրացման վրա:
Ինտեգրվեցին  եվրոպական չափորոշիչներին և կրթությունը դարձրին  12-ամյա: Ճիշտն ասած ես 11-րդ դասարանը  լիարժեք բավարար եմ համարում, քանի որ 12-րդ դասարանում հիմնականում կրկնություններ են:  Իմ կարծիքով մեր երկիրը  դեռ պատրաստ չէր  այդ բարեփոխմանը, չնայած ես կողմ եմ ավագ դպրոցների կայացմանը, եթե իհարկե չափորոշիչներին  համանուն գործի  և ոչ միայն ցուցանակով փոխվի, այլև ներքին բովանդակոնթյամբ,ուսուցիչների մակարդակով, աշակերտների պատասխանատվությամբ:
Այսօր դեռ չկայացած է ավագ դպրոցը: Մենք մեր քաղաքում  տեսնում ենք, որ միջնակարգ դպրոցից  համարյա ոչնով չի տարբերվում, թե՛ նյութատեխնիկական բազայով, թե՛ հաճախելիությամբ: Այսօրվա դպրոցի առաջ  խնդիր է դրված  կյանքին պատրաստ աշակերտներ ուղարկել: Ինչու ենք ասում այսօր դպրոցը ոչ թե ուսուցչակենտրոն է, այլ աշակերտակենտրոն, ինչ է դա նշանակում, որ ոչ թե ուսուցիչը պատրաստի գիտելիք տվողն է, այլ ուղորդողը, ուսուցիչն աշակերտին  մղում է սովորելու, գիտելիք ձեռք բերելու ճանապարհն է ցույց  տալիս: Երբ որ աշակերտը ինքն է  եզրահանգումների գալիս, դրանով նրա  ստեղծագործական երևակայությունն է ընդլայնվում:
Թեպետ ավանդական դպրոցներն էլ  ունեին շատ լավ ավանդույթներ, բայց այդ առումով  այսօրվա դպրոցները  ես ավելի համահունչ եմ համարում:

3, Ըստ Ձեզ, որպես պրակտիկ երկարամյա  մասնագետի և տնօրենի, ի՞նչ է անհրաժեշտ   աշակերտներին նյութը մատչելի դարձնելու համար:
Ամենակարևորը  երեխայի մեջ  սեր արթնացնելն է գիտելիքի նկատմամբ:  Ուսուցիչը պետք է կարողանա  այնպես անել, որ երեխան ինքը  ուզենա սովորի, այսինքն ուսուցիչը երեխայի հոգում  պիտի վառի այդ կրակը, որը հետագայում պիտի բոց դառնա: Առաջին հերթին երեխան պետք է հասկանա, ինչու է սովորում, որն է իր սովորելու նպատակը , ինչ ճանապարհ պիտի ընտրի  գիտելիք ձեռք բերելու համար, իսկ հետո ինչի համար է օգտագործելու ձեռք բերած գիտելիքները: Դեռ առաջին դասարանից  երեխայի մեջ պետք է հավատ ներշնչել  սեփական ուժերի նկատմամբ: Շատ կարևոր է նաև  վստահության մթնոլորտը: Միայն փոխադարձ սիրո և հարգանքի  վրա հիմնված  հարաբերությունների ժամանակ է, որ և՛ ուսուցիչը և՛ աշակերտը հասնում են իրենց նպատակին: Երբ ուսուցիչը մտնում է դասարան  չպիտի լինեն  սիրված ու չսիրված աշակերտներ, բոլորինհ պետք  է հավասար աչքով նայել: Այստեղ շատ կարևոր է նաև  դպրոցի տնօրենի դերը: Տնօրենը պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծի, որ ուսուցիչը իրեն պաշտպանված զգա:

4. Դպրոցում տղամարդ  ուսուցիչների պակաս կա: Ըստ Ձեզ որքանո՞վ է  կարևոր  նրանց ներկայությունը դպրոցում և ինչպե՞ս կարելի է  մանկավարժական կոլեկտիվը  համալրել տղամարդ ուսուցիչներով:
Շատ լավ, բայց միաժամանակ շատ ցավոտ հարց է: Եթե փոքրիկ էքսկուրս եմ կատարում, երբ աշխատում էի այս դպրոցում համարյա հավասար էին  կանանց ու տղամարդկանց քանակները: Չնայած ուսուցիչը  միշտ կոռեկտ է իր կերպարում, բայց տղամարդիկ ասես զսպաշապիկ լինեին կանանց համար:  Մենք գիտենք, որ  հատկապես տղա երեխաների դաստիարակության համար  դպրոցում շատ կարևոր է  տղամարդ ուսուցչի դերը, որովհետև  երեխան առաջին հերթին  իր համար իդեալ է տեսնում  ուսուցչի կերպարը  և ուզում է նմանվել նրան: Հիմա իմ դպրոցում սովորում են 42 աղջիկ և 60 տղա, ու այդ 60 տղաները ամեն օր տեսնում են  միայն կին ուսուցիչների, բնական է չէ, որ նրանք ավելի շատ ուզում են նմանվել  կին ուսուցիչների և այս դեպքում առնականությունը մի տեսակ հետին պլան է մղվում:
Իմ կարծիքով այս խնդրի  բացատրությունը պայմանավորված է  ուսուցիչնեի չնչին աշխատավարձով: Տղամարդը տան հենասյուն է, ընտանիքի կերակրողը և դպրոցում  աշխատավարձի չնչին լինելու  պատճառով  բնական է, որ այլ աշխատանք է որոնում: Հիմա մեր դպրոցում 2 տղամարդ ուսոսցիչ ունենք, մեկը ռազմագիտություն, իսկ  մյուսը՛ ֆիզկուլտուրայի, մնացածը բոլորը կանայք են:  Տղաներին առնական դաստիարակելու համար դպրոցին անհրաժեշտ են տղամարդ ուսոցիչներ:

5. Որպես  հայ կին և մայր  ինչպե՞ս եք համատեղում  աշխատանքը ընտանիքի հետ
Երիտասարդ տարիներին, երբ ինձ առաջարկում էին  վարչական աշխատանք, անկեղծ ասաց հրաժարվում էի երեխաներիս պատճառով:  3 աղջիկ ունեմ, նրանց պիտի երաժշտական դպրոց հասցնեի  ու դրա հետ մեկտեղ տան հոգսերով զբաղվեի: Երբ երեխաներս մեծացան ու ամեն մեկն իր ճանապարհն ընտրեց,  ես էլ ընտրեցի վարչական աշխատանքը ու հիմա ավելի շատ դպրոցում եմ լինում, քան տանը: Իմ ընտանիքի անդամները ինձ չեն խանգարում, այլ ընդհակառակը՛ ամեն հարցում կողքիս են և օգնում են դպրոցի գործերին:

6. Ի՞նչն եք կարևորում  հայ աղջկա և տղայի  դաստիարակության մեջ որպես  ապագա մոր և հոր:
Արժեքները: Արժեքները շատ կարևոր են: Եվ՛ հայ աղջիկը,  և՛ հայ տղան  պիտի կարողանան գնահատել ընտանիքը, որպես կարևոր արժեք:  Աղջիկը պիտի կարողանա իր մեջ  ամփոփել  համեստության ու չափի զգացողությունը, իսկ տղամարդը պիտի գնահատող լինի,պիտի կարողանա  գնահատել ծնողին , կնոջը, ընտանիքը, հայրենիքը:  Տղամարդը պիտի իր վրա վերցնի պատասխանատվության դերը, իսկ կինը՛  ընտանիքում խաղաղություն և անդորր հաստատելու դերը:
Շատ  կարևոր միտք կա, <<Փոքրիկ իշխան>>-ում.<<նրան,  ում ընտելացնում ես  մեծ պատասխանատվություն ես կրում նրա համար>>: Այդ պատասխանատվությունը  պիտի և՛ կինը կրի և՛ ամուսինը: Երբ կինը և տղամարդը  պատասխանատվության դերը  իրենց վրա վերցնեն հիմքից  այդ դեպքում ավելի  հեշտ կլինի  ու ավելի ճիշտ կկառուցվի նրանց ընտանիքը:

7. Ինչպե՞ս է ազդում համացանցը  կրթական համակարգի  և աշակերտների ուսուցման գործընթացի վրա, դրա օգտավետության  նրբությունները  Ձեր կարծիքով:
Եվ՛լավ, և՛ վատ: Շատ կարևոր է  համացանցի  առկայությունը , եթե իհարկե  երեխաները կարողանան  ճիշտ օգտվել դրանից: Այս դեպքում շատ կարևոր է, որ և՛ տանը և՛ դպրոցում գրագետ մոտեցում ցուցաբերվի: Իհարկե դպրոցը կարողանում է այդ բալանսը  պահել: Պարզապես տանը  երեխաները որոշակի  կախվածություն են ունենում համակարգչից:
Բոլորս էլ գիտենք, որ այսօր դասագրքրեի մեծ մասը  կա համացանցում: Եթե դասագիրքը չկա, երեխան շատ հանգիստ  կարող է  մտնել կրթության էջ, ցանկացած դասագիրք բացել  և օգտվել դրանից: Շատ կարևոր է համացանցը ուղղակի զգոնություն  անհրաժեշտ:

8. Հասարակության  ներսում ընտանիքի դերը  և մեր ավանդական ընտանիքների  կայացման եղանակներն ու սկզբունքները ըստ Ձեզ:
<<Զորավոր է այն ազգը, որն ու լավ ըտանիք>>, այսպես էր ասում Մուրացանը <<Գևորգ Մարզպետունի>> պատմավեպում: Լիովին համաձայն եմ այս  խոսքերի հետ:  Հասարակության հիմքը ընտանիքն է: Հասարակությունը ավելի ուժեղ է կայացած է, եթե նրա  մեջ  կան  կայուն ընտանքիենր: 
Ճիշտ է  նախկինում սերը  միշտ էլ առուծախի  առարկա է եղել, սակայն քիչ չեն եղել  նաև իսկական սիրո վրա հիմնված  ընտանիքները: Երբեմն թվում է, թե սիրում ես, բայց երբ ընտանիքի հոգսերի ու կենցաղի մեջ ես մտնում այդ ժամանակ հաճախ սերը   հետին պլան է մղվում, սակայն, եթե  ընտանիքը հիմնված է  իսկական,  անշահախնդիր սիրո  վրա հնարավոր չէ նման խնդիրներ լինեն:
Բնությունը մեզ շատ լավ բան է հուշում. միշտ  էլ կայծակից, ամպրոպից հետո  արև է լինում, եթե այդ սերը կա , ջերմությունը կա, հավատացե՛ք, որ ամեն մի փոթորկից հետո  անպայման արև է լինելու, եթե ընտանիքի հիմքում  առաջին հերթին դնենք սերը, վստահությունը, փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը, ապա այս դեպքում ընտանիքը կայացած կլինի: Ունենալով կայացած ընտանիք  կունենանք նաև կայուն հասարակություն, իսկ երկիրն էլ կկառուցվի  այդ կայուն հասարակության  հիմքի վրա:

Աննա Աբովյան



Комментариев нет:

Отправить комментарий